Դատական համակարգը ո՞նց ա անկախ. թեժ խոսակցություն Փաշինյանի եւ քաղաքացու միջեւ


Դատական համակարգը ո՞նց ա անկախ. թեժ խոսակցություն Փաշինյանի եւ քաղաքացու միջեւ
Հոկտեմբեր 24 19:15 2026
 
Երևանի Աջափնյակ վարչական շրջան կատարած այցի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լարված զրույց է ունեցել մի բնակչի հետ, որը բողոքել է Վանաձորում անշարժ գույքի սեփականության իրավունքի շուրջ դատական քաշքշուկից։ Տղամարդը նշել է, որ ունի կադաստրային փաստաթղթեր, սակայն դատարաններն իր փաստարկները հաշվի չեն առել, իսկ գործն արդեն հասել է Վճռաբեկ դատարան։
Քաղաքացու խոսքով՝ ինքը բազմիցս փորձել է արդարության հասնել, այդ թվում՝ անձամբ դիմել է վարչապետին և փաստաթղթերը փոխանցել նրա օգնականներին, սակայն որևէ արդյունք չի եղել։ Նա պնդում է, որ գույքի ձևակերպման ժամանակ ոտնահարվել են իր իրավունքները, և Փաշինյանին խնդրել է օգնել արդար որոշման հասնելու հարցում։
«Ես պարզապես ուզում եմ, որ արդար որոշում կայացվի, ուրիշ ոչինչ», — ասել է նա։

Փաշինյանը պատասխանել է, որ չի կարող միջամտել կոնկրետ գործի քննությանը, քանի որ դատական իշխանությունն անկախ է գործադիրից։ Ի պատասխան՝ տղամարդը վրդովված հակադարձել է. «Դատական համակարգը ո՞նց ա անկախ, եթե ոտնահարում է քաղաքացիների դատավարական բոլոր իրավունքները, այդ թվում՝ լսված լինելու իրավունքը»։

Վարչապետը խոստովանել է, որ այս պահին չունի քաղաքացու հարցի պատասխանը, և առաջարկել է ուսումնասիրել գործի հանգամանքները։ Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ չի կարող վերահսկել դատավորներին կամ միջամտել դատական ակտերի կայացմանը։

«Անկեղծ ասած՝ ձեր հարցի պատասխանը չունեմ, եկեք մտածենք», — ասել է Փաշինյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում․