«Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և անձամբ ներկայացնել իմ նվաճած RAF-ի չեմպիոնական գոտին»։
Այս մասին ինստագրամյան իր էջում գրել է ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը։
«Շնորհակալ եմ ջերմ ընդունելության, անկեղծ զրույցի և ցուցաբերած ուշադրության համար։
Հանդիպման ընթացքում խոսեցինք հայկական սպորտի ապագայի, երիտասարդ սերնդին ոգեշնչելու և Հայաստանում սպորտի զարգացմանն ուղղված իմ նպատակների մասին։
Ինձ համար յուրաքանչյուր հաղթանակ ոչ միայն անձնական ձեռքբերում է, այլև հնարավորություն՝ պատվով բարձր պահելու Հայաստանի եռագույնը և իմ օրինակով ոգեշնչելու մեր երիտասարդներին։
Առջևում նոր նպատակներ են, նոր հաղթանակներ ու մեծ երազանքներ՝ հանուն Հայաստանի և հայկական սպորտի ապագայի»,- ասվում է գրառման մեջ։










