Շաքիի դեպքի առնչությամբ ոստիկանությունն առավել քան օպերատիվ է գործել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով ոստիկանի՝ դեպքի վայր ուշ հասնելու վերաբերյալ քննադատություններին։
Նախարարի խոսքով՝ ոստիկանը հանգստի մեջ է եղել, երբ տուժողը զանգահարել է նրա անձնական հեռախոսահամարին և կարճ տեղեկություն փոխանցել՝ առանց մանրամասնելու տեղի ունեցածը։
«Ոստիկանի համար դժվար լսելի է եղել, թե ինչի մասին է խոսքը։ Գտնվելով հանգստի մեջ՝ ոստիկանին հարիր պահվածք է դրսևորել, դուրս է եկել բնակության վայրից և 10 րոպե անց հասել դեպքի վայր։ Բնականաբար, դեպքն արդեն տեղի էր ունեցել։ Տուժողի որդու ներկայությամբ զանգահարել է 112 օպերատիվ կառավարման կենտրոն, և 10 րոպե անց կենտրոնի ծառայողները տեղում են եղել։ Նրանք առավել քան օպերատիվ են գործել»,- մանրամասնեց Սարգսյանը։
Նա նշեց, որ արդեն իսկ պարզաբանումներ են ներկայացրել այն պնդումների առնչությամբ, թե ոստիկանը ուշ է հասել դեպքի վայր։
Անդրադառնալով հարցին, թե եթե Հայաստանի իրավասու մարմինները տեղեկություններ ունեին ադրբեջանցի զինծառայողի՝ ՀՀ ներխուժելու մասին, ինչու նախապես միջոցներ չեն ձեռնարկվել՝ բնակիչների տուն նրա մուտքը կանխելու համար, Սարգսյանն ասաց, որ այդ հարցին մանրամասն անդրադարձել է վարչապետը։
«Բոլոր ծառայություններն իրականացրել են իրենց աշխատանքը»,- նշել է ՆԳ նախարարը։










