Ի՞նչ եք առաջարկում՝ կալանքը հանենք, բոլորին տանենք տո՞ւն. ՔՊ-ականը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին


Ի՞նչ եք առաջարկում՝ կալանքը հանենք, բոլորին տանենք տո՞ւն. ՔՊ-ականը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Նոյեմբեր 11 15:22 2026

Ո՞վ է ասել, որ կալանքը դրախտավայր է, կալանքը շատ լուրջ, հոգեբանական սթրես է, ընդհանրապես ազատազրկումը լուրջ սթրես է, այս մասին ո՞վ չգիտի, 24news.am-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը՝ քկհ-ում մահվան դեպքին:

 

 

«Հանցագործությունների կանխարգելման ամենամեծ գործոնը պայմանավորված է նրանով, որ այդ հեռանկարը հանցագործությունները կատարելուց հետո՝ կալանք, ազատազրկում, բավականին դաժան են լինում, մարդիկ դրա համար չեն անում: Եթե այդ կալանքը և ազատազրկումը լինի դրսի կյանքից չտարբերվող, պայմաններն ապահովենք, բնականաբար իր ազդեցությունը կկորցնի, բայց կալանքը, որպես պատժամիջոց չի կիրառվում, կալանքն ուղղակի նախաքննության ընթացքում քրեական գործի քննությանը չխոչընդոտելու միջոցառում է»-նշել է նա։ 

 

Լրագրողը հարցրել է՝ Դուք ասում եք, որ կալանքը որպես պատժամիջոց չի կիրառվում, բայց մինչև կալանքը կան այլ խափանման միջոցներ՝ ստորագրություն, գրավ, տնային կալանք, այս դեպքում ինչո՞ւ չեն կիրառվում այդ միջոցները:

 

«Ի՞նչ եք առաջարկում, ընդհանրապես կալանքը հանե՞նք, որպես խափանման միջոց, բոլորին տանենք տո՞ւն, հա՞»-պատասխանել է Արմեն Խաչատրյանը:

 

Հիշեցնենք, որ երեկ հայտնել էինք՝ կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը: Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին (կամ 20-ի գիշերը)՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում,  Ստեփանավանում իրականացված գործողությունների արդյունքում։ Այդ օրը Ստեփանավանում ձերբակալվել էր 14 անձ: