Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
Հոկտեմբեր 5 21:06 2026

Հոկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը՝ գլխավորությամբ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնիու Ֆեյժոյի։

Հայրապետական իր օրհնությունը բերելով ներկաներին՝ Նորին Սրբությունը բարձր գնահատեց հիմնադրամի մարդասիրական առաքելությունն ու տարբեր երկրներում կրթության, գիտության և մշակույթի զարգացմանն ուղղված օգտաշատ գործունեությունը։ Վեհափառ Հայրապետը մասնավորապես կարևորեց հիմնադրամի՝ Հայաստանի և սփյուռքի հայկական համայնքների զորացմանն ուղղված նախաձեռնությունները։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձ կատարեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ հիմնադրամի երկարամյա համագործակցությանը՝ հիշատակելով դեռևս 1954 թվականին Միածնաէջ Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքներին ցուցաբերված աջակցությունը, այնուհետև Մայր Աթոռի վանատան կառուցումը, ինպես նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի գործունեությանը բերված նպաստը: Ապա Հայոց Հայրապետը, անդրադառնալով Մայր Տաճարի վերջին հիմնանորոգմանն ու վերաօծմանը, կարևորեց հայոց Սրբություն սրբոցի առաքելությունը՝ ի խնդիր ազգային ինքնության պահպանման, ազգի հարատևության և համախմբման։

Նորին Սրբությունն իր աղոթական բարեմաղթանքները բերեց հիմնադրամի ղեկավարությանն ու աշխատակիցներին՝ մաղթելով, որ նույն ոգով և նվիրումով շարունակեն իրագործել մեծանուն հայորդի Գալուստ Գյուլբենկյանի տեսիլքը՝ ի նպաստ սերունդների կրթության, գիտական մտքի առաջընթացի և մշակույթի պահպանության։