Շաքիում ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է, երեխաների վիճակը՝ բավարար․ Ավանեսյան


Շաքիում ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է, երեխաների վիճակը՝ բավարար․ Ավանեսյան
Հոկտեմբեր 2 10:48 2026

Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չունենք, այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն:

Հարգելի´ լրագրողներ, հորդորս է հարգել բուժառուի և նրա ընտանիքի անձնական սահմանները, չխախտել նրանց անձնական տարածքը:

Հավատացած եղեք´, որ բժշկական անձնակազմը արել և անում է առավելագույնը»,-գրել է Ավանեսյանը։

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։ Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։