18-ամյա Ալվարդ Նահապետյանը լույս աշխարհ է բերել 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հայտնում են.
«18-ամյա Ալվարդ Նահապետյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հղիների ախտաբանության բաժանմունք էր ընդունվել 37 շաբաթական հղիությամբ։ Ապագա մայրիկի մոտ ախտորոշվել էր ալերգիկ դերմատիտ՝ որովայնի և ստորին վերջույթների արտահայտված ցանավորմամբ ուժեղ քորով, ինչպես նաև արձանագրվել էր լեղաթթուների բարձր մակարդակ։
«Մեր մասնագետների կողմից անհապաղ նշանակվել է համապատասխան բուժում, և հղին մինչև 39 շաբաթական հղիության ժամկետը գտնվել է բժիշկների խիստ հսկողության ներքո։ Հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է նաև խոշոր պտուղ։
«Մաշկային խնդիր ունեի, լեղաթթուների բարձրացում, հետո, երբ իմացա, որ նաև առաջնեկս այդքան խոշոր է, սկզբում վախեցա, որ չեմ կարողանա ծննդաբերել այդքան մեծ երեխա։ Բայց քանի որ գիտեի բժշկին, ավելի հանգիստ էի, որովհետև վստահում էի»,- պատմում է Ալվարդը։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Լևոն Դալլաքյանի և թիմի պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ պլանային կեսարյան հատման ճանապարհով լույս աշխարհ է եկել 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով առողջ տղա։ Մայրիկն ու փոքրիկն իրենց հիանալի են զգում և արդեն վերադարձել են տուն»։










