«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հանրությանը ներկայացնել համայնքների ղեկավարներին՝ պատմելով, թե ովքե՞ր են նրանք, որտե՞ղ են աշխատել և ի՞նչ ունեցվածք ու եկամուտներ ունեն։ Այս անգամ ուսումնասիրել ենք Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանի՝ 2025 թվականի հայտարարագիրը։
Խաչիկ Վարդանյանը 2016-2017 թվականներին ընտրվել է Գյուլագարակ համայնքի ղեկավար։ 2021 թվականի հուլիսի 22-ին Լոռու մարզպետի որոշմամբ նշանակվել է Գյուլագարակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իսկ 2022 թվականի նոյեմբերի 14-ին օրենքի ուժով ընտրվել է Գյուլագարակ համայնքի ղեկավար։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Ի՞նչ ունեցվածք ունի նա
2025 թվականի սկզբին և տարեվերջին Խաչիկ Վարդանյանի սեփականության ներքո եղել է Գյուլագարակում գտնվող 5 անշարժ գույք։ Դրանցից երկուսը հողամասեր են, որոնց նկատմամբ նա ունի համատեղ սեփականության իրավունք, երկուսը՝ հողին ամրակայված այլ անշարժ գույք, իսկ մեկը՝ հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն՝ տնտեսական շինություններով։
Բնակելի տունը Խաչիկ Վարդանյանը ձեռք է բերել 2012 թվականի օգոստոսի 5-ին՝ ժառանգության կարգով։ 2025 թվականի ընթացքում նա նոր անշարժ գույք չի ձեռք բերել և որևէ գույք չի օտարել։
Միաժամանակ հայտարարագրում նշված են Գյուլագարակում գտնվող երեք հողամասեր, որոնք համայնքապետը 90 և ավելի օր փաստացի տիրապետել է։
Ավտոմեքենաները
Խաչիկ Վարդանյանի հայտարարագրում առկա են երկու ZIL բեռնատար ավտոմեքենաներ։ Դրանցից մեկը 1990 թվականի արտադրության է, մյուսը՝ 1972 թվականի։ Երկու մեքենաներն էլ ձեռք են բերվել 2009 թվականի մայիսի 29-ին՝ գնման եղանակով։ 2025 թվականի տարեվերջին դրանք շարունակում էին մնալ նրա հայտարարագրում։
Դրամական միջոցները
2025 թվականի սկզբին և տարեվերջին Խաչիկ Վարդանյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 2,000,000 դրամ։ Այսինքն՝ տարվա ընթացքում կանխիկ գումարի փոփոխություն չի արձանագրվել։
Եկամուտը
2025 թվականին Գյուլագարակի համայնքապետը հայտարարագրել է 7,311,022 դրամ եկամուտ։ Ամբողջ գումարը աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ են՝ ստացված Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակազմից»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։










