Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հորդորում է Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի բնակիչներին օգտագործել միայն համայնքի կողմից տրամադրվող ջուրը։
«Հորդորում եմ`այս ընթացքում խմելու և կենցաղային (սննդի լվացում, պատրաստում, լվացվել) նպատակներով օգտագործել միայն համայնքի կողմից տրամադրվող ջուրը
կամ շշալցված տարբերակը»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։
Նա գրել է, որ գանգատների՝ թուլություն, գլխացավ, սրտխառնոց, այտուցներ, ձեռքերի դող, մաշկի ցանավորում կամ ինքնազգացողության այլ վատթարացման դեպքում անհապաղ դիմել բժշկի։
Հիշեցնենք՝ ավելի վաղ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի բնակիչներից մեկը դիմել է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։ ՀՎԿԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից իրականացրել են ջրի նմուշառում։ Ստացված լաբորատոր հետազոտության արդյունքում նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է:










