«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը քննադատության է ենթարկել Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությունը՝ այն որակելով որպես պետականազրկման ընթացք։
Նա մտահոգություն է հայտնել Արցախի կորստի, հայկական տարածքների հետագա զիջումների և ինքնիշխանության կորստի վերաբերյալ։
Ըստ բանախոսի՝ երկիրը վերածվել է աշխարհաքաղաքական խաղադրույքի, որտեղ որոշումները կայացվում են օտար ուժերի կողմից, իսկ տեղական իշխանությունը լեգիտիմացնում է թշնամական օրակարգերը։ Հովհաննիսյանը շեշտել է քաղբանտարկյալների առկայությունը թե՛ Երևանում, թե՛ Բաքվում և կոչ է արել ձևավորել համազգային դիմադրություն, նա նաև անդրադարձել է Սփյուռքի դերին և եկեղեցու դեմ իրականացվող արշավներին՝ հորդորելով կանխել պետականության վերջնական կործանումը։
Հովհաննիսյանն ընդգծել է, որ առանց սեփական բանակի և ռազմավարական հստակ տեսլականի Հայաստանը չի կարող հանդես գալ որպես միջազգային հարաբերությունների լիարժեք սուբյեկտ։
«Այո՛, չէինք մտածի, որ մեր կյանքի օրերին մեր այս սերնդի հսկողության ներքո կհայրենազրկվեինք և մեծամասամբ տեսնելով, գրանցելով բոլոր օտար ուժերի սեփական շահերին համապատասխան իրենց մեղավորությունը, իրենց քայլերը, որոնք օժանդակեցին․․․ Հիմնասյունը, հիմնաղբյուրը Հայաստանի գործող իշխանն է, իշխանությունն է, և մենք դրանից պետք է դուրս գանք։ Խոսելն էլ է պետք, հանդիպում ենք, խոսում ենք, բայց իսկապես գործի ժամն է։
Ցավ է, որ 35 տարվա ընթացքում մենք ռազմավարական ողջ տարողությամբ չենք կարողացել կերտել այնպիսի պետություն, որ ունակ լիներ սեփական սահմանը պահպանել բոլոր առումներով՝ ռազմական, տեխնոլոգիական, ինֆորմացիոն, տնտեսական, դիվանագիտական, քաղաքական։ Երանի մենք այս 3,5,10 ամյակների ընթացքում ունենայինք այդ հնարավորությունը՝ ասելու համար, որ մենք ինքնուրույն պետություն ենք, մենք չենք մտնում որևէ կոլեկտիվ անվտանգության կամ տնտեսական միավորի մեջ՝ ոչ Արևելք, ոչ Արևմուտք, մենք բոլորի հետ հավասար երկկողմանի հարաբերությունների, փոխադարձ հարգանքի և կանոնակարգերի հիման վրա կքայլենք, բայց պարզ է, որ այդտեղ մենք չենք հասել»,- ասել է Հովհաննիսյանը։։
Քաղաքական գործիչն ապա շարունակել է․ «Երբ լինի իշխանափոխություն, արդեն Հայաստանը այնքան նվաստացած կլինի, այնքան պստիկացված, այդքան, այսպես, ներքաշված իր ցավի և կործանման մեջ, որ այլևս իմաստ չի ունենա անգամ այն, որ հաջորդ իշխանությունը այս իշխանություններին կկանգնեցնի դատարանի առջև։ Այնքան նվաստ կդառնա Հայաստանի իրականությունը, գաղափարը, սրբությունը, եթե, այո՛, անգամ եթե լինի, Հայաստան անունը ինչ-որ մի ենթակա կառուցվածքի մեջ, իշխանափոխությունը կլինի, հա՛, ուղղակի, այս մարդիկ նաև երաշխավորում են, որ իրենց քայլերով նաև իրենց առաջատար, այսպես, պատգամավորների կանանց, փոխկապակցված խնամիներին, ընտանիքների անդամներին, ովքեր նաև համակարգված կոռուպցիայի դերակատարներ են, իրենք էլ կնստեն և կմնա ուղղակի հովանալ, ծափահարել, որ արդեն փոքրացված, իմաստազրկված Հայաստանում արդարությունը կլինի դա, որ իրենք կանգնեն դատարանի առջև, բայց, ավա՜ղ, մենք կտեսնենք մինչ այդ ինչ ավեր, ինչ արհավիրք, ինչ կորուստ աննախադեպ իրենք բերած կլինեն մեր երկրին»։










