ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է և հիշեցնում


ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է և հիշեցնում
Օգոստոս 27 19:28 2026

Զգուշացեք․  Ներկայումս կրկին ակտիվացել են iMessage համակարգի միջոցով ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունները: Հաղորդագրություններն ուղարկվում են հիմնականում օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող ֆիշինգային հղումներ։ Դրանց միջոցով հանցավորները փորձում են ձեռք բերել Ձեր անձնական և բանկային տվյալները՝ հետագայում ֆինանսական միջոցներ հափշտակելու նպատակով։ 

Կրկին հիշեցնում ենք՝ նման հաղորդագրություն ստանալու դեպքում

• Մի՛ բացեք հաղորդագրության մեջ նշված հղումները։

• Մի՛ մուտքագրեք անձնական, բանկային կամ այլ զգայուն տվյալներ։

• Տեղեկությունը ստուգեք միայն համապատասխան պետական մարմնի պաշտոնական աղբյուրներից։

• Արգելափակեք ուղարկողի հեռախոսահամարը և նշեք հաղորդագրությունը որպես Spam/Junk։

• Եթե արդեն տրամադրել եք բանկային տվյալներ՝ անմիջապես կապվեք Ձեր բանկի հետ և տեղեկացրեք ոստիկանությանը։

Հիշե՛ք․ պետական մարմինների անունից ստացված հաղորդագրության առկայությունը դեռ չի նշանակում, որ այն պաշտոնական է։ Միշտ ստուգեք ուղարկողի և հղման իսկությունը։

ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանություն