Հաստատվել է բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ուսումնառության կազմակերպման և գիտական աստիճանաշնորհման նոր կարգը


Հաստատվել է բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ուսումնառության կազմակերպման և գիտական աստիճանաշնորհման նոր կարգը
Օգոստոս 24 21:48 2026

Օգոստոսի 20-ին ՀՀ կառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ուսումնառության կազմակերպման և գիտական աստիճանի շնորհման նոր կարգը, որով սահմանվում են․

 

 

ընդունելության ընդհանրական պահանջները,

ուսումնառության կազմակերպման ընդհանուր պահանջները,

գիտական աստիճանի շնորհման չափանիշներն ու ընթացակարգը, ինչպես նաև

երրորդ մակարդակի կրթական ծրագրերով շնորհվող որակավորումները հավաստող դիպլոմներին (այդ թվում՝ համատեղ կամ կրկնակի որակավորման) և դրանց հավելվածներին ներկայացվող պահանջները։

Դոկտորական կրթությանը վերաբերող նոր կարգավորումների ընդունումը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի կիրարկման և վերջինով նախատեսված բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի ներդրման առանցքային քայլերից է։ Այն միաժամանակ բխում է Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով նախատեսված՝ բարձրագույն կրթության երրորդ մակարդակի արդիականացման, նախկինում գործող երկաստիճան համակարգին գիտական միաստիճան՝ PhD համակարգին անցման և դոկտորական ծրագրերի բարելավման նպատակներից։

 

Իրավական ակտի հիմքում բարձրագույն կրթության երրորդ մակարդակը որպես ամբողջական դոկտորական կրթական և հետազոտական ծրագիր դիտարկելու մոտեցումն է, որի ավարտին ատենախոսության պաշտպանության դրական արդյունքով շնորհվում է դոկտորի որակավորում (PhD)։ Միաժամանակ, միջազգային չափանիշներին համապատասխան կրթական միջավայրի ապահովելու նպատակով՝ բարձրագույն կրթության երրորդ մակարդակի համար ևս օրենքով ամրագրվել է կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացների  պարտադիր բնույթը,

 

Այսպիսով, նախկինում առանձին իրավական ակտերով կարգավորվող ասպիրանտուրայի ընդունելությունը և ուսումնառությունը, մի կողմից, և գիտական աստիճանաշնորհումը՝ մյուս կողմից, միավորվում են մեկ ընդհանուր իրավական շրջանակում։

 

Նպատակն է դոկտորական կրթության ամբողջ գործընթացի համար՝ ընդունելությունից և հետազոտական աշխատանքի կազմակերպումից մինչև ատենախոսության պաշտպանությունն ու որակավորման շնորհումը, սահմանել փոխկապակցված, չափելի և թափանցիկ պահանջներ։

 

Մասնավորապես, ակնկալվում է, որ դոկտորական կրթության միասնական նոր համակարգը կապահովի․

 

ընդունելության, ուսումնառության և աստիճանի շնորհման գործընթացների հստակեցումը,

Հայաստանի դոկտորական կրթության համադրելիությունը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում գործող մոդելներին,

միջազգային մրցունակության բարձրացումը՝ աստիճանաշնորհման չափանիշներում ներառելով նաև միջազգային հրապարակումների պահանջը,

գիտական աստիճանի շնորհման գործընթացի արդիականացումը՝ որակական և բովանդակային չափանիշների վրա հիմնված գործիքակազմի ներդրմամբ։

Ասպիրանտական համակարգից բարձրագույն կրթության երրորդ մակարդակի անցում

Գիտական աստիճանշնորհման ոլորտը կարգավորող նախկին օրենսդրությամբ Հայաստանում նախատեսված էին գիտության թեկնածուի և գիտության դոկտորի երկու գիտական աստիճաններ։ Նոր օրենսդրությամբ ներդրվում է բարձրագույն կրթության եռաստիճան կառուցվածքին համապատասխան միաստիճան դոկտորական մոդել՝ բակալավր, մագիստրոս և դոկտոր (PhD)։

 

Փոփոխության էությունը միայն գիտական աստիճանի անվանումը չէ։ Դոկտորական կրթությունն այլևս չի դիտարկվում որպես բարձրագույն կրթությունից հետո գործող առանձին «հետբուհական» համակարգ, այլ դառնում է բարձրագույն կրթության լիարժեք երրորդ մակարդակ՝ իր կրթական ծրագրով, ուսումնառության վերջնարդյունքներով, հետազոտական բաղադրիչով և որակի ապահովման պահանջներով։

 

Այս մոտեցումը համապատասխանում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում ձևավորված մոդելին, Բոլոնիայի գործընթացին և դոկտորական կրթությանը վերաբերող Զալցբուրգյան սկզբունքներին։ Դրանց տրամաբանությամբ դոկտորական կրթության առանցքը ինքնուրույն գիտական հետազոտությունն է, իսկ ծրագրի տարբեր փուլերում պետք է գործեն հետազոտության որակի գնահատման և բարելավման հստակ մեխանիզմներ։

 

Ի՞նչն է փոխվում կրթական երրորդ մակարդակում ուսումնառության և գիտական աստիճանների շնորհման նոր համակարգում

Նոր կարգավորումները նախատեսում են մի շարք բովանդակային փոփոխություններ։

 

Դոկտորական կրթությունը դառնում է լիցենզավորվող բարձրագույն կրթական ծրագիր։

Նախկինում գործող համակարգում ասպիրանտական ծրագրերի համար նախատեսվում է համապատասխան մասնագիտությամբ ասպիրանտուրա բացելու կամ դրա գործունեությունը դադարեցնելու ընթացակարգ, մինչդեռ բարձրագույն կրթության երրորդ մակարդակի կրթական ծրագրերի լիցենզավորում չի իրականացվում։

 

Նոր համակարգում երրորդ մակարդակի ծրագրերը ներառվում են բարձրագույն կրթության ծրագրերի որակի ապահովման ընդհանուր համակարգում։ Սա համահունչ է նոր օրենքի այն տրամաբանությանը, որով բուհերն ու կրթական ծրագրերը պետք է գործեն պետական և միջազգային չափանիշների վրա հիմնված որակի ներքին և արտաքին ապահովման մեխանիզմներով։

 

Օտար լեզվի իմացության որակավորումը՝ ոչ թե ընդունելության, այլ ատենախոսության պաշտպանության գործընթացի մեկնարկի նախապայման։ 

Գործող կարգով ասպիրանտուրա ընդունվողը ընդունելության մեկնարկի փուլում պետք է ներկայացնի օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ, իսկ առանց համապատասխան նվազագույն միավորի չի կարող մասնակցել մասնագիտական քննությանը։

 

Նոր մոտեցմամբ օտար լեզվի համապատասխան մակարդակի ապահովումը սահմանվում է որպես ատենախոսության պաշտպանության ու դոկտորի գիտական աստիճանի շնորհման գործընթացի մեկնարկի նախապայման։ Այն հնարավորություն կտա դոկտորանտին ուսումնառության ընթացքում ապահովել լեզվի պատշաճ մակարդակը, որտեղ լեզվի տիրապետումը կդիտարկվի որպես հետազոտական արդյունքը հանրայնացնելու գործիք, այլ ոչ՝ ուղղակի երրորդ մակարդակ մուտքի նախապայման կամ արգելք:

 

Ավելի մեծ նշանակություն է տրվում հետազոտական նախագծին և գիտական ղեկավարի ընտրությանը։

Դոկտորական ծրագրերի թեկնածուները հնարավորություն են ստանում ընտրելու հավանական գիտական ղեկավար՝ ուսումնասիրելով վերջինիս ներկայացրած հետազոտական թեմաները։ Միաժամանակ ներդրվում են գիտական ղեկավարների գիտական գործունեության գնահատման ավելի հստակ չափանիշներ, այդ թվում՝ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված հրապարակումների հիման վրա։

 

Գործող կարգում գիտական ղեկավարին ներկայացվող պահանջները հիմնականում կառուցված են գիտական աստիճանի (թեկնածու կամ դոկտեր) և հրապարակումների ընդհանուր քանակի շուրջ, օրինակ՝ որոշ դեպքերում նախատեսելով առնվազն 30 տպագիր աշխատանք, որոնցից հինգը՝ վերջին հինգ տարում։ Նոր համակարգի նպատակն է շեշտը տեղափոխել նաև գիտնականի ընթացիկ հետազոտական ակտիվության և հետազոտությունների  որակական ցուցանիշների վրա։

 

Ուսումնառությունը դառնում է ավելի ճկուն։

Գործող կարգով ասպիրանտուրան իրականացվում է առկա և հեռակա ձևերով՝ համապատասխանաբար մինչև երեք և չորս տարի տևողությամբ։

 

Նոր օրենքն ու կարգավորումները նախատեսում են երրորդ մակարդակի ծանրաբեռնվածությունը սահմանված է առնվազն 180 ակադեմիական կրեդիտ․ դոկտորական կրթությունը կարող է իրականացվել լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ՝ պահպանելով ծրագրի համար անհրաժեշտ ակադեմիական կրեդիտները։ Սա հնարավորություն է տալիս ուսումնառության կազմակերպումը առավել ճկուն կերպով համադրել դոկտորանտի հետազոտական աշխատանքի, զբաղվածության և այլ հանգամանքների հետ։

 

Բարձրացվում են գիտական արդյունքին և աստիճանաշնորհման գործընթացի մասնակիցներին ներկայացվող որակական պահանջները։

Նոր կարգով հստակեցվում են դոկտորական ատենախոսության հիմնական արդյունքների հրապարակման պահանջները՝ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում՝ այդ թվում Scopus և Web of Science համակարգերում ընդգրկված պարբերականներում հրապարակումները համադրելով ՀՀ կամ օտարերկրյա գրախոսվող գիտական պարբերականներում հրապարակումների հետ։

 

Գիտական հրապարակումների վերաբերյալ պահանջներ են սահմանվում ոչ միայն դոկտորանտի, այլ նաև գիտական ղեկավարի, ընդդիմախոսի, մասնագիտական խորհրդի անդամների և փորձագետների համար։ Նախատեսվում է նաև դոկտորանտի՝ որպես առաջին հեղինակ գիտական հոդված ունենալու պահանջ։

 

Գիտական աստիճան շնորհող առանձին մասնագիտական խորհուրդների ձևավորում։

Միաժամանակ նոր կարգավորումները նախատեսում են աստիճանաշնորհման մասնագիտական խորհուրդների ձևավորման նոր մոտեցումներ՝ հնարավորություն տալով դրանք առավել ճկուն համապատասխանեցնել տվյալ մասնագիտության և կոնկրետ գիտական հետազոտության բովանդակությանը։ Նոր մոդելի նպատակն է պաշտպանության գնահատման գործընթացում ներգրավել տվյալ հետազոտական ուղղությանը առավել համապատասխան և ակտիվ գիտնականների, այդ թվում՝ արտերկրից։

 

Ընդլայնվում է միջազգային գիտական համագործակցությունը։

Նոր կարգավորումները հնարավորություն են ստեղծում օտարերկրյա գիտնականների ավելի լայն մասնակցության համար՝ ներառյալ օտարերկրյա համաղեկավարների ներգրավումը և պաշտպանության գործընթացին, այդ թվում՝ մասնագիտական խորհրդի աշխատանքներին առցանց մասնակցությունը։ Այս մոտեցումը համահունչ է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի՝ ակադեմիական շարժունության, միջազգային մրցունակության և Եվրոպական բարձրագույն կրթական ու հետազոտական տարածքներին Հայաստանի ինտեգրման սկզբունքներին։

 

Գործող կարգերն ուժը կորցրած կճանաչվեն․ նախատեսված է անցումային ժամանակահատված

Կառավարության որոշմամբ հաստատված նոր կարգավորումները կիրառվելու են 2027/2028 ուսումնական տարվանից ընդունված դոկտորանտների նկատմամբ։ Մինչ այդ գործող համակարգով ընդունված կամ համապատասխան կարգավիճակ ստացած անձանց համար ապահովվում է գործող ընթացակարգերով ուսումնառությունն ու գիտական աստիճանաշնորհումը շարունակելու հնարավորությունը։

 

Որոշման ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվեն ՀՀ Կառավարության 2007 թվականի ապրիլի 26-ի N 581 և 2001 թվականի հուլիսի 20-ի N 662 որոշումները, ինչպես նաև 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշման 2-րդ կետը, որոնցով կարգավորվում էին ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգը, ասպիրանտուրան պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և ավարտած մասնագետների աշխատանքի տեղավորման կարգը։ Դրանցով սահմանված կարգավորումներն ամբողջությամբ ներառվել կամ վերանայվել են նոր կարգով։

 

Միաժամանակ, ՀՀ Կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327 և 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշումները, որոնցով նախկինում կարգավորում էին գիտական աստիճանների շնորհման և ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի ընդունելության և հայցորդության ձևակերպման կարգերը, վերջնականապես ուժը կորցրած կճանաչվեն 2031 թվականի դեկտեմբերի 25-ից։

 

Անցումային ժամանակահատվածը նախատեսված է նախկին կարգերով ընդունված անձանց սոցիալական երաշխիքները և գիտական աստիճանաշնորհման գործընթացի շարունակականությունն ապահովելու համար։

 

Մինչև 2030 թվականն անցումային դրույթներ են սահմանվել նաև գիտական հրապարակումներին ներկայացվող նոր պահանջների նկատմամբ՝ հայագիտության, հումանիտար, հասարակական և ռազմական գիտությունների մասնագիտությունների համար։