Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է


Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է
Օգոստոս 19 13:09 2026

Ամբեր Կապիտալի կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամ»-ին պատկանող «Սոլիս» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX):

 

 

«Սոլիս»-ի մուտքը կապիտալի շուկա պաշտոնապես ազդարարվել է Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի ունեցած ավանդական զանգի հնչեցման արարողությամբ՝ նշանավորելով ընկերության համար զարգացման նոր փուլի մեկնարկը։

 

«Սոլիս» ՓԲԸ-ի` 2,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական ծավալով պարտատոմսերը  ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական՝ Abond ցուցակում։ Ցուցակվել է 20,000 հատ պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 8% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 48 ամիս շրջանառության ժամկետով։ Այս պարտատոմսերով հնարավոր է նաև իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։ 

 

«Սոլիս ընկերության մուտքը կապիտալի շուկա նշանակալի քայլ է ոչ միայն ընկերության հետագա զարգացման, այլև կապիտալի շուկայում ոլորտային դիվերսիֆիկացման տեսանկյունից։ Այս ցուցակմամբ ներդրողների համար հասանելի է դառնում նոր ոլորտ և ներդրումային նոր հնարավորություն, իսկ բորսան, իր հերթին, ընդլայնում է ցուցակված ընկերությունների ոլորտային բազմազանությունը։

 

 

 

 

 

Վստահ ենք, որ «Սոլիս»-ի ցուցակումը ոչ միայն կնպաստի ընկերության հետագա աճին, այլև օրինակ կծառայի այլ բիզնեսների համար՝ խթանելով նրանց հետաքրքրությունը կապիտալի շուկայի նկատմամբ և նպաստելով ներդրումային միջավայրի ակտիվացմանը», - նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:

 

«Սոլիսի համար կապիտալի շուկա մուտք գործելը կարևոր քայլ է ընկերության զարգացման ճանապարհին։ Այսօր վերականգնվող էներգետիկայի ոլորտը կարող է ոչ միայն նպաստել Հայաստանի էներգետիկ անկախությանն ու կայուն զարգացմանը, այլև դառնալ կապիտալի շուկայի համար երկարաժամկետ և ինստիտուցիոնալ ներդրումային ուղղություն։

 

Մեր պարտատոմսերի նկատմամբ ներդրողների բարձր հետաքրքրությունը և թողարկման նախատեսված ժամկետից շուտ ամբողջական տեղաբաշխումը վստահության կարևոր ազդակ է մեզ համար։ Վստահ ենք, որ Հայաստանի կապիտալի շուկայի հետագա զարգացումը կարող է նոր ֆինանսավորման հնարավորություններ ստեղծել իրական տնտեսության, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտի համար և աջակցել նոր ներդրումային ծրագրերի իրականացմանը», - նշել է «Սոլիս» ՓԲԸ-ի  տնօրեն Կարեն Արաբյանը:

 

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացրել է Ամերիաբանկը 2026 թվականի հունիսի 4-ից 29-ն ընկած ժամանակահատվածում։ Ներդրողներն օգոստոսի 18-ից արդեն հնարավորություն ունեն «Սոլիս» ՓԲԸ-ի պարտատոմսերը գնել կամ վաճառել բորսայի անդամ բանկերի կամ ներդրումային ընկերությունների միջոցով, ինչպես նաև առցանց` Ամերիաբանկի MyInvest ներդրումային հարթակի միջոցով:

 

Նշենք, որ երկրորդային շուկայում Ամերիաբանկը լինելու է այս պարտատոմսերի շուկա ստեղծողը:

 

«Սոլիսի պարտատոմսերի թողարկումը կարևոր իրադարձություն է Հայաստանի կապիտալի շուկայում դիվերսիֆիկացիայի և նոր ներդրումային հնարավորությունների ձևավորման տեսանկյունից, քանի որ արևային էներգիայի արտադրության ոլորտը դեռևս բավարար չափով ներկայացված չէ կապիտալի շուկայում։ Ոլորտն առանձնանում է ֆինանսական հոսքերի կայունությամբ և կանխատեսելիությամբ և շատ գրավիչ է հատկապես ֆիքսված եկամուտով գործիքների շուկայի համար: Կարծում ենք՝ երկրորդային շուկայում ևս Սոլիսի պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը բարձր կլինի, հատկապես ցածր ռիսկայնությամբ ներդրումային հնարավորություններ փնտրող ներդրողների շրջանում»,- նշել է Ամերիաբանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանը:  

 

Սոլիսը վերականգնվող էներգետիկայի ոլորտում գործող ընկերություն է, որի հիմնական գործունեությունը ֆոտովոլտային արևային էլեկտրակայաններում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքն է։ «Սոլիս» ընկերության արևային էլեկտրակայանները տեղակայված են Հայաստանի տարբեր մարզերում՝ ձևավորելով աշխարհագրորեն հավասարակշռված պորտֆել և նպաստելով երկրի տարբեր հատվածներում կայուն ու մաքուր էներգիայի արտադրությանը։

 

Ընկերության գործունեությունն ուղղված է Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը՝ ինստիտուցիոնալ վերահսկողության, մասնագիտական կառավարման և երկարաժամկետ ներդրումային մոտեցման միջոցով։ Ժամանակակից տեխնոլոգիաների և առաջադեմ սարքավորումների կիրառմամբ ընկերությունը կառուցում, տնօրինում և երկարաժամկետ շահագործում է արևային էլեկտրակայաններ, որոնք ապահովում են արդյունավետ, հուսալի և էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայի արտադրություն

 

Պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավված միջոցների շուրջ 75%-ը ընկերությունը նախատեսում է ուղղել գործող վարկերի վերաֆինանսավորմանը, իսկ 25%-ը՝ կապիտալ ծախսերին և գործունեության ընդլայնմանը։

 

 

Ամերիաբանկի մասին

 

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։  Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: