ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է. «Երեկ ուշ երեկոյան Իսրայելի վարչապետի գրասենյակը պաշտոնապես հաստատել է, որ իր ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Հալեպի մոտ գտնվող ավիաբազային: Ըստ սիրիական աղբյուրների՝ հասցվել է ութ հարված:
Հաղորդագրության մեջ նշված է, որ Իսրայելը և Սիրիան համաձայնության էին եկել անվտանգության հարցերում ստատուս-քվոյի պահպանման շուրջ: Սակայն Սիրիան պատրաստվում էր խախտել այն՝ թույլ տալով թուրքական ուժերին տեղակայվել Աբու-ադ-Դուհուրի ավիաբազայում։
Իսրայելը բազմիցս զգուշացնում էր Սիրիային, որ իր տարածքում նման տեղակայումը սպառնալիք է Իսրայելի անվտանգությանը։ Սակայն Սիրիան անտեսում էր իսրայելական նախազգուշացումները՝ թույլ տալով Թուրքիային վերականգնել հակաօդային պաշտպանության համակարգը և տեղադրել համապատասխան ռադարներ։ Դա նշանակում է, որ այդպես կարող էին քայլ առ քայլ սահմանափակել իսրայելական ավիացիայի հետագա գործողությունները:
Նախորդ տարիներին Իսրայելը Սիրիայում ոչնչացնում էր Իրանի աջակցությամբ կառուցվող պահեստները, շտաբներն ու ՀՕՊ համակարգերը՝ մտավախություն ունենալով, որ Իրանը կփորձեր ամրապնդվել իր հյուսիս-արևելյան սահմանին։ Այժմ Իրանի փոխարեն Թուրքիան է փորձում միևնույն նպատակով ռազմական հենակետեր ունենալ Սիրիայում։
Իսրայելի վարչապետի գրասենյակի պաշտոնական արձագանքից հետո, կարող ենք ասել, որ Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի: Ըստ էության, ավիահարվածների քաղաքական ուղղերձն այն էր, որ պաշտոնական Երուսաղեմը թույլ չի տա, որպեսզի Սիրիան վերածվի թուրքական ռազմական հենակետի։
Ի դեպ, ԱՄՆ-ն հրապարակային դժգոհություն է հայտնել Իսրայելին՝ Սիրայում Թուրքիայի շահերին հարվածելու համար: Սակայն, իսրայելական տեղեկացված աղբյուրները հաղորդում են, որ իրենք նախապես տեղյակ են պահել ԱՄՆ-ին՝ Սիրիայի ավիաբազային հարվածելու իրենց մտադրության մասին»:










