Անհնար է դարձել նախարարի խորհրդականի պաշտոնից բխող լիազորությունների լիարժեք իրականացումը


Անհնար է դարձել նախարարի խորհրդականի պաշտոնից բխող լիազորությունների լիարժեք իրականացումը
Օգոստոս 4 11:41 2026

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Արման Անտոնյանը հայտնել է, որ դիմում է ներկայացրել պաշտոնից ազատվելու վերաբերյալ։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ դիմումում ներկայացրել է որոշման պատճառները, ինչպես նաև պաշտոնավարման ընթացքում առկա համակարգային խնդիրները։

«Այսօր դիմում եմ ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդականի պաշտոնից ազատվելու վերաբերյալ, որում ներկայացրել եմ այդ որոշման պատճառները, ինչպես նաև իմ պաշտոնավարման ընթացքում առկա համակարգային խնդիրները, որոնց հետևանքով փաստացի անհնար է դարձել նախարարի խորհրդականի պաշտոնից բխող լիազորությունների լիարժեք իրականացումը։

 

Միտումնավոր աշխատանքային մեկուսացման պայմաններում անհնար է արդյունավետ ծառայել այն նպատակներին, որոնց համար ստանձնել էի այդ պատասխանատվությունը։ Եթե որևէ մեկին հետաքրքրում է իրական պատկերը և իմ որոշման հիմքերը, կարող է ծանոթանալ նախարարին ներկայացված իմ պաշտոնական դիմում-զեկուցագրին։ Շնորհակալություն եմ հայտնում նախարարության բոլոր այն գործընկերներին, որոնց հետ ունեցել եմ պատիվ աշխատելու և շփվելու:

 

Իմ պաշտոնավարման ամենամեծ ձեռքբերումը մարդիկ են, որոնց ճանաչեցի, որոնց հետ ձևավորվեցին մասնագիտական ու մարդկային հարաբերություններ, և որոնց հետ մեզ միավորեցին գաղափարներն ու պետական շահին ծառայելու ձգտումը։ Ցանկացած պաշտոն ժամանակավոր է, իսկ արժանապատիվ աշխատանքն ու սկզբունքներին հավատարիմ մնալը՝ մնայուն։

 

Առաջիկայում կանդրադառնամ այն խնդիրներին, որոնք, իմ համոզմամբ, անհետաձգելի կարգավորման կարիք ունեն։ Եթե դրանք հնարավոր չեղավ լուծել ի պաշտոնե, կփորձենք դրանց լուծմանը նպաստել հասարակական հիմունքներով՝ ի շահ պետության, ոլորտի զարգացման և բոլոր շահառուների։»,- գրել է Արման Անտոնյանը։