Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե Հակոբյան


Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե Հակոբյան
Օգոստոս 3 19:26 2026

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադարձել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի դեմ նախաձեռնված վարույթին՝ շեշտելով՝ հետապնդումը քաղաքական է․

 

«Քննչական կոմիտեն հրապարակել է Ավետիք Չալաբյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթի վերաբերյալ իր դիրքորոշումը՝ ներկայացնելով մեղադրանքի վարկածը։ Միաժամանակ հայտնի է, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ գործն ուղարկվել է դատախազին՝ մեղադրական եզրակացությամբ։

 

Ավետիք Չալաբյանի հետ ծանոթացել եմ Արցախի շրջափակման օրերին, երբ հեռավար փորձում էինք լուծումներ գտնել ստեղծված աղետալի իրավիճակի համար։ Այդ օրերից ձևավորված իմ տպավորությունն անփոփոխ է. Ավետիքը այն եզակի գործիչներից է, որի քաղաքական և հասարակական գործունեության առանցքում եղել են Արցախի կորստի հետ չհաշտվելը, Հայաստանի պետականության ապամոնտաժման դեմ պայքարը և սեփական համոզմունքներին հավատարիմ մնալը։

 

Ավետիքը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված։ Նրա պայքարի հիմքում հայրենիքն է, ազգային արժանապատվությունն ու պետական շահը, նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը բացառապես քաղաքական է։

 

Իսկ պատմությունը, ի վերջո, իր գնահատականը տալիս է ոչ թե քաղաքական պատվերներին, այլ մարդկանց անցած ճանապարհին և նրանց ծառայությանը հայրենիքին։

 

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին և Բաքվում պատանդառված մեր հայրենակիցներին»։