Ընդդիմությունը պետք է ունենա իր օրակարգը, բոցաշունչ ելույթների ու պաթոսի ժամանակն անցել է


Ընդդիմությունը պետք է ունենա իր օրակարգը, բոցաշունչ ելույթների ու պաթոսի ժամանակն անցել է
Հուլիս 27 11:59 2026

 

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 

Նոր խորհրդարանի առաջին նիստին ընդառաջ!!!

Եկեք ամփոփենք` 2021-2026 թվականների խորհրդարանական ընդդիմության գործունեությունը՝ թվերով.

* 384 բանավոր հարց ու գրեթե նույնքան ելույթ,

* 53 օրենսդրական նախաձեռնություն,

* 4 որոշման նախագիծ,

* 13 հայտարարության նախագիծ,

* 1 ուղերձ,

* 162 գործուղում, այդ թվում՝ իշխանական պատգամավորների հետ,

* ավելի քան 600 միլիոն դրամ պարգևավճար (աշխատավարձերից բացի այդքան), շուրջ կես միլիարդ դրամ (488 մլն 86 հազար 470 դրամ) Հայաստան դաշինք և 107 մլն 440 հազար 920 դրամ «Պատիվ ունեմ» դաշինք

* յուրաքանչյուր ընդդիմադիր դաշինքից 1-ական պատգամավոր լքեց խմբակցությունը, դարձավ անկախ պատգամավոր և հետագայում դե ֆակտո աջակցեց իշխանությանը

* ընդդիմությունը ստանձնեց օրենքով իրեն վերապահված 4 ղեկավար պաշտոն (1 ԱԺ փոխնախագահ և 3 մշտական հանձնաժողովի նախագահ), որոնցից 1-ին իշխանությունը ինքը հեռացրեց պաշտոնից, երկուսը` իրենք հրաժարվեցին 2022 թվականին, իսկ վերջինը՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնը, իշխանությունը 2024 թվականին օրենսդրական փոփոխությունից հետո վերցրեց ընդդիմության ձեռքից և փոխանցեց իշխող խմբակցությանը։ Արդյունավե՞տ գործիքներ էին: Թերևս` ոչ:

Փաստենք`

Հայաստանի Հանրապետության վարչապետը Նիկոլ Փաշինյանն է` արդեն իններորդ տարին։

Այս մեկ նախադասությունն է նախորդ հինգ տարիների քաղաքական գնահատականը և ուղեցույց առ այն, թե ինչ չի կարելի անել և ինչ չի կարելի կրկնել։

և ուրեմն`

ԱՐՁԱՆԱԳՐՈւՄ ԵՆՔ`

Ընդդիմությունը իշխանության գործողությունների և սխալների վիճակագիրը չէ։ Ընդդիմությունը պետք է լինի սեփական քաղաքական օրակարգ ունեցող, քաղաքական արդյունք ստեղծող և այդ արդյունքի համար պատասխանատվություն կրող ինքնուրույն քաղաքական սուբյեկտ։

ՀԱՄԱՁԱՅՆՎՈւՄ ԵՆՔ`

Այլևս չենք գնահատելու ընդդիմությանը ծափահարություններով, պաթոսով, բարձրաձայն հայտարարություններով կամ «ուժեղ ելույթներով»։ Քաղաքականությունը գնահատվում է ոչ թե տպավորություններով, այլ արդյունքով։ Քաղաքական թատերաբեմ գուցե կա, բայց այն թատրոն չէ:

Իհարկե բացառությամբ այն դեպքի, երբ «պետական» ու քաղաքական գործիչների աստղաբույլը ինքը հետ է քաշվում իրենց հայտարարած նպատակից ու գնում է «աշխատելու»:

Հերևաբար`

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈւՄ ենք`

2026-2031 թվականների խորհրդարանական ընդդիմության յուրաքանչյուր քայլ պետք է գնահատվի մեկ չափանիշով՝ որքանո՞վ այն մոտեցրեց իրենց հայտարարված քաղաքական նպատակին:

Համամիտ ե՞ք այս մոտեցմանը: Եթե այո` միացեք այս հռչակագրին: