ՔՊ-ականը վայր է դնում Երևանի ավագանու մանդատը, դառնում է պատգամավոր


ՔՊ-ականը վայր է դնում Երևանի ավագանու մանդատը, դառնում է պատգամավոր
Հուլիս 20 13:26 2026

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը հայտարարել է, որ դադարեցնում է ավագանու իր լիազորությունները՝ աշխատանքը շարունակելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր։

«2023 թվականից հանդիսանում եմ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ` ձեր վստահության քվեների շնորհիվ, որը ավագանու ընտրությունների ժամանակ դուք տվել էիք ինձ և իմ քաղաքական թիմին: Այս 3 տարիների ընթացքում հենց ձեզ հետ համագործակցության արդյունքում և, իհարկե, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կատարել ենք բազմաթիվ բարեփոխումներ մեր մայրաքաղաքում, որոնք տասնամյակներ շարունակ տեղի չեն ունեցել Երևանում, որի համար հատուկ շնորհակալություն հենց նրան»,-գրել է Խաչատրյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին Երևանի զարգացմանը միտված ամենօրյա աշխատանքի և վերաբերմունքի համար։

Խաչատրյանը նշել է, որ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր և, պաշտոնների անհամատեղելիությունից ելնելով, դադարեցնում է Երևանի ավագանու անդամի լիազորությունները։

«Աշխատելու եմ առավել եռանդով և նվիրվածությամբ՝ ինչպես ինձ տեսել եք, որպեսզի իմ ներդրումն ունենամ Երևանի և Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի զարգացման գործում արդեն պետական բարձր մակարդակում»,-նշել է նա։