ԶՊՄԿ-ն նշեց Հանքագործի և մետալուրգի օրը


ԶՊՄԿ-ն նշեց Հանքագործի և մետալուրգի օրը
Հուլիս 18 10:39 2026

 Հուլիսի 17-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում նշվեց Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնը: Տոնական միջոցառումը մեկնարկեց Քաջարանի մշակույթի տան բակում կազմակերպված հյուրասիրությամբ՝ Քաջարանի ավանդական քաղցրավենիքով և տոնավաճառով։ Զուգահեռաբար բացվել էր նաև լուսանկարիչ, ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Նվեր Զելյայի լուսանկարների անհատական ցուցահանդեսը։ Տոնական օրվա առիթով ցուցադրվում էին նաև Կապանի Երկրաբանական թանգարանի նմուշները, որոնք պատմում են տարածաշրջանում հանքարդյունաբերության զարգացման մասին՝ բրոնզե դարից մինչև մեր օրերը։ Մարզային և Քաջարան ու Կապան համայնքների ղեկավարության, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների, ոլորտի մասնագետների և հյուրերի մասնակցությամբ անցկացված հանդիսավոր մջոցառման ընթացքում շնորհավորական ուղերձներից հետո պարգևատրվեցին ընկերության 18 աշխատակիցներ, որոնք վերջին տարիներին առանձնացել էին մասնագիտական բարձր արդյունքներով և նշանակալի ձեռքբերումներով։ Շնորհավորելով հանքագործներին և մետալուրգներին՝ «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին ընդգծեց, որ ընկերության բոլոր հաջողությունների հիմքում մարդկանց աշխատանքն է. «Անցյալ տարվա և այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում շուրջ 50 միլիարդ դրամ է ուղղվել սարքավորումների ձեռքբերմանը և արտադրական ակտիվների արդիականացմանը։ Սա հենց ներդրում է ապագայի, ձեռնարկության արդիականացման և նոր տեխնոլոգիաների մեջ։ Ավելի քան 7 միլիարդ դրամ է ուղղվել սոցիալական ծրագրերին և համայնքների աջակցությանը։ Հարկային մուտքերի առումով, ԶՊՄԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի առաջատարը։ Սակայն Կոմբինատի նշանակությունը չի չափվում միայն արտադրության ծավալներով։ Այս տարի մենք կարևոր քայլեր ենք իրականացրել նաև կորպորատիվ կառավարման և կայուն զարգացման ոլորտներում։ ԶՊՄԿ-ն Հայաստանի միակ ընկերությունն է, որը միացել է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրին։ Երկու տարվա ընթացքում ընկերության ESG վարկանիշի ցուցանիշը բարելավվել է 20 կետով և գերազանցել միջազգային հանքարդյունաբերության միջին ցուցանիշը։ Ես հատկապես հպարտ եմ, որ, հակառակ տարածված կարծրատիպերի, հենց հանքարդյունաբերական ոլորտում է գրանցվում բիզնեսի առաջատար չափանիշների ներդրման նման հաջողություններ»։ Արդեն երկրորդ տարին տոնական օրերին զուգահեռ ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը Քաջարանում անցկացնում է «Պատանի երկրաբանի ճամբար» միջոցառումը։ Եռօրյա ճամբարին մասնակցում են Սյունիքի տարբեր համայնքների բարձր դասարանցիներ, որոնցից մի քանիսը անցյալ տարվա ճամբարին մասնակցելուց հետո այս տարի դիմել են ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ։ Ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը պատմեց վերջին տարիներին մասնագիտության հանդեպ աճող հետաքրքրության մասին՝ այս համատեքստում կարևորելով ԶՊՄԿ-ի և ոլորտի ընկերությունների սերտ համագործակցությունը: Տոնական միջոցառումն ավարտվեց Քարջարանում մեծ համերգային ծրագրով։