Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային ձևաչափով հերթական նախարարական հանդիպումը՝ բոլոր վեց երկրների մասնակցությամբ, տեղի կունենա մոտ ժամանակներս: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս մեր ադրբեջանցի և հայ գործընկերները կպայմանավորվեն հաջորդ նախարարական հանդիպումների ժամանակացույցի շուրջ, և մենք կորոշենք, թե որտեղ այն տեղի կունենա՝ Բաքվում, թե Երևանում», - նշել է նա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
Լավրովն ընդգծել է, որ «3+3» հարթակը (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Թուրքիա, Վրաստան) զգալի ներուժ ունի տարածաշրջանային մարտահրավերները հենց երկրների ուժերով լուծելու համար՝ առանց դրսից ապակառուցողական միջամտության։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 13-ին հաստատել է այս մեխանիզմի պահանջվածությունը, իսկ հունիսի 5-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել բոլոր վեց մասնակից պետությունների փորձագետների հանդիպումը։
Նախարարը նաև հաստատել է բազմակողմ փոխգործակցության կարևորությունը Կասպյան հնգյակի և այլ ձևաչափերի շրջանակներում, ներառյալ ԱՊՀ-ն, ԵԱՀԿ-ն և ՄԱԿ-ը։










