Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ


Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով  հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ
Հուլիս 16 23:28 2026

Այսօր՝ հուլիսի 16-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Լոռու մարզի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տեղում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով նրան «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ռեանիմոբլիով տեղափոխում են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Գևորգ Թ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Ստեփանավան խոշորացված համայնքի Հոբարձի բնակավայրից։

Դեպքի մասին ոստիկանության Լոռու մարզային քրեական վարչությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Էդվարդ Կարապետյանի, վարչության պետի տեղակալ Արշակ Կիրակոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մասնակիցների ինքնությունը և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ կատարողներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում։