Վահագն Խաչատուրյանը ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է վերջին տարիներին հայ-ղազախական քաղաքական երկխոսության ակտիվ զարգացումը


Վահագն Խաչատուրյանը ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է վերջին տարիներին հայ-ղազախական քաղաքական երկխոսության ակտիվ զարգացումը
Հուլիս 16 20:01 2026

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին՝ նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար՝ բարձր գնահատելով հայ-ղազախական հարաբերությունների զարգացման, երկկողմ համագործակցության ընդլայնման գործում ունեցած ավանդի համար։

Հանրապետության նախագահը գոհունակությամբ ընդգծել է վերջին տարիներին հայ-ղազախական քաղաքական երկխոսության ակտիվ զարգացումը՝ կարևորելով բարձր մակարդակի փոխադարձ այցերի, ինչպես նաև առևտրատնտեսական, տրանսպորտային, կրթական, մշակութային և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության շարունակական խորացումը։

Անդրադառնալով տարածաշրջանային գործընթացներին՝ նախագահ Խաչատուրյանը վերահաստատել է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից են: Նախագահն ընդգծել է, որ դրանք նոր հնարավորություններ կստեղծեն տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Ղազախստանի հետ տնտեսական և տրանսպորտային համագործակցության ընդլայնման համար։

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը Բոլատ Իմանբաևին մաղթել է հաջողություններ և ամենայն բարիք հետագա գործունեության ընթացքում։