«Օլիմպավանը չեն բացում, բայց երեխաները պետք է մարզվեն, առաջիկայում մրցաշարեր կան»,- «Օլիմպավան»-ի բակում լրագրողներին ասաց MMA մարտարվեստի մարզիչ Էրիկ Օհանյանը, ով դրսում երեխաների հետ պարապմունքներ է անցկացնում:
«107 հոգին են, որից 20-ն է կարողանում գալ, օրինակ, Լենինգրադյանի դահլիճը, մնացածը չեն կարողանում: Ի՞նչ անեմ, դադարեցնե՞մ, ասեմ՝ ոչ մի մրցում, ոչ մի բան։
Տատամիներ ենք ճարել, որ երեխաները պարապեն»,- շարունակեց նա։
Էրիկ Օհանյանը նշեց, որ լավ սաներ ունեն, լավ արդյունքներ են տալիս, բայց հիմա, դադար տալը, միանշանակ ազդում է երեխաների մարզավիճակի վրա։
Դրսում պարապող երեխաներից մեկի ծնողն ասաց. «Երեխաներին հանել, գցել են քուչեքը, մարզվելու տեղ չունեն, հարմարություն չկա, բայց պետք է պատրաստվեն մրցումների։
Ինչ է անում այս պետությունը։ Ցույց է տալիս, որ ժողովրդի շահերն է պաշտպանում, բայց այդպես չէ։ Մարդկանց հետ անձնական հարցեր ունեն, Օլիմպավանն են փակում։ 1-2 օր արել եք ձեր գործերը, դուրս եք եկել, ինչ ձևականություն է՝ փակել եք Օլիմպավանը։ Ի՞նչ պետք է գտնեք՝ կամ գտել եք, կամ չեք գտել։ Այն տպավորությունն է՝ մեր վարչապետը չի ուզում, որ հայկական դրոշը բարձրացնեն այլ երկրներում։ Այս երեխաները պետք է գնան այլ երկրներ հայկական դրոշը բարձրացնեն, բայց երեխաները փողոցում են պարապում։ Վստահ եմ՝ գալու են այստեղից էլ հանեն»։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթից ավելի է կապարակքնված են ԲՀԿ առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունները, գործարանները, աշխատակիցները հարկադիր պարապուրդի են մատնված։ Կապարակնքված է նաև ՀԱՕԿ-ի մարզաբազա հանդիսացող «Օլիմպավան» կենտրոնը։










