Ռուսաստանը կընդլայնի Հայաստանից ձկան ներմուծման սահմանափակումները, եթե անասնաբուժական ռիսկեր առաջանան, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում լրագրողներին ասել է Ձկնորսության դաշնային գործակալության ղեկավար Իլյա Շեստակովը, հայտնում է ТАСС-ը։
«Ռուսաստանն արդեն սահմանափակումներ է դրել Հայաստանից կենդանի ձկան ներմուծման վրա։ Եթե բացահայտվեն գործոններ, որոնք կարող են անասնաբուժական ռիսկեր առաջացնել, որոնց պատճառով այս ձուկը, երբ տեղափոխվում է, ազդում է մեր անասնաբուժական անվտանգության վրա, ապա անպայման կձեռնարկվեն հետագա քայլեր», – ասաց Շեստակովը։
Նա նշեց, որ կենդանի ձկից բացի, Հայաստանը նաև սառեցված ձուկ է արտահանում Ռուսաստան։
«Հայաստանը եղել է կարմրախայտի զգալի ներմուծող։ Ներքին շուկայի հագեցման առումով սա, անշուշտ, որևէ ազդեցություն չի ունենա։ Մենք ունենք բավարար ներքին կարմրախայտի արտադրություն։ Ավելին, ներմուծումը կփոխարինվի այլ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի կողմից», – հավելեց գերատեսչության ղեկավարը։
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը (ՍՄՏՖ) տեղի է ունեցել հունիսի 3-ից 6-ը։ Հիմնական թեման էր՝ «Պրագմատիկ երկխոսություն. կայուն ապագայի ուղի»։
Ֆորումը կազմակերպվել էր «Ռոսկոնգրես» հիմնադրամի կողմից։ Գլխավոր մեդիա գործընկեր՝ ՏԱՍՍ։










