«Այսօր ընկել են մեր թիմակիցների հետևից՝ փորձելով տեղին-անտեղին վախեցնել նրանց։ Մենք մինչև վերջ գնալու ենք»,-ընտրություններից օրեր առաջ հրավիրած քննարկմանն ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ թիմակիցներին ներկայացնելով հետագա օրերի անելիքները, հանձնարարականները։
Նրա խոսքով, արձանագրած խախտումների մասին պետք է անհապաղ տեղյակ պահել ԿԸՀ-ին, ահազանել փաստաբաններին, չվիրավորել մրցակիցներին, չշոշափել մրցակից քաղաքական ուժերի ներկայացուցիչների ընտանիքների անդամների անունները, շարունակել լսել մարդկանց դարդն ու ցավը, խնդիրների համար առաջարկած լուծումները, ներկայացրել իրենց ծրագրի դրույթները։
«Ասել եմ, որևէ ընտրախախտում չկատարվի։ Բոլորը պետք է իմանան, Ծառուկյանն իր ասածի արժեքը գիտի։ Այսքան ժամանակ չի եղել, որ Ծառուկյանը մի բան ասի, բայց չանի։ Ես ասել եմ, մենք իրավունք չունենք թշնամի ունենալու, իրավունք չունենք Ռուսաստանի հետ թշնամանալու, հակառակ դեպքում շատ ծանր է լինելու»,-ասաց ասաց ԲՀԿ առաջնորդը։
Նրա խոսքով, Հայաստանը չունի այլընտրանքի հնարավորություն, Ռուսաստանը փակել է իր շուկան, Եվրոպան բացե՞լ է։
«Հիմա Եվրոպան չի կարողանում իր գլխի ճարը տեսնել, այսօր մենք պետք է խելացի վարվենք՝ ելնելով մեր երկրի շահերից»,-ասաց Ծառուկյանը՝ ավելացնելով, որ ժողովուրդն այսօր փոփոխությունների, լավ լուրերի կարիք ունի։
Նա ընդգծեց՝ ակնկալվող փոփոխությունների համար իրենք ունեն կամք, կապեր, մասնագետներ, հնարավորություններ, պատրաստ են մեգանախագծեր իրականացնել՝ նպաստելու տուրիզմի, տնտեսության զարգացմանը, երկրի բագավաճմանն ու մարդկանց բարեկեցությանը։
«Մենք ժողովրդին ասում ենք, սպասեք լավ փոփոխությունների, հարստանալու եք բոլորդ»,-ասաց Ծառուկյանը։










