Տեսախցիկ չկա քվեախցիկում, ընտրությա՛ն գնացեք, քվեաթերթիկը դուրս չբերեք: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:
«Առաջին հիմնական ահազանգը, որ ստանում ենք, դա այն է, որ քաղաքացիներին հրահանգում և ստիպում են լուսանկարահանել կամ տեսանկարահանել քվեախցիկում իրենց ուժի օգտին տրվող քվեաթերթիկը: Սա ըստ էության արգելված արարք է, և դուք եթե վախեր ունեք կամ ճնշման եք ենթարկում, հիմա հնարավորություն ունեք նկարելու, այնուհետև նետելու աղբարկղը և ընտրելու այն քաղաքական ուժին, որին իսկապես ցանկանում եք տալ ձեր քվեն։ Ահազանգեր ենք ստանում նաև, որ մարդկանց ստիպում են մասնավորապես մեր՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի 3-րդ համարի քվեաթերթիկը դուրս բերել՝ որպես ապացույց, որ մեր օգտին չեն քվեարկելու։ Հարգելի հայրենակիցներ, սա իրավախախտում է և դուք ինքներդ կարող է խնդիր ունենաք, եթե արձանագրվեց, որ դուք քվեաթերթիկ եք դուրս բերում, հետևապես կրկին ասում եմ, թույլ մի տվեք, որպեսզի ձեր նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառեն:
Քվեաթերթիկ դուրս բերելը բացի այն, որ ձեր կամքի վրա հարկադրանք է, նաև իրավախախտում է, որը կարող է հետևանք ունենալ։ 3-րդ ահազանգն էլ այն է, որ քաղաքացիներին՝ հատկապես մարզաբնակ և գյուղաբնակ, ահաբեկում են և ասում են, որ քվեախցերում գաղտնի տեսախցիկներ են տեղադրված լինելու, որի միջոցով նայելու են, թե մարդը ում օգտին է քվեարկում։ Մենք հավաստիացնում ենք, որ 2005 տեղամասային կենտրոններում ունենալու ենք ներկայացուցիչներ և երաշխավորում ենք, որ քվեախցերում և տեղամասային կենտրոններում բացի օրինական տեսախցիկներից՝ ավելորդ թաքնված որևէ տեսախցիկ չի լինելու, որը կկարողանա արձանագրել, թե ում օգտին եք քվեարկում կամ ինչպես եք ձեր կամաարտահայտությունը դրսևորում։ Գնացեք և ազատորեն իրացրեք ձեր քաղաքական իրավունքը, որովհետև այսօր շեղել են այն սահմանադրական ճշմարտությունը, որ քաղաքացին ու ժողովուրդն է մեր երկրում Հայաստանի Հանրապետությունում իշխանության աղբյուրը»,- նշել է Մելոյանը:










