Կոտայքի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավն ամփոփվեց Աբովյան քաղաքում հրավիրված հանրահավաքով, որը մեկնարկեց ՀՀ օրհներգով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը, ով իր ելույթը սկսեց 31-րդ սաղմոսով, նշեց, որ մայիսի 26-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև նախաստորագրված փաստաթուղթը պատմական է։ Մեջբերելով փաստաթղթից մի հատված, որով կողմերն ընդունում են, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանություն և իրավազորություն իր սահմանների և մաքսային գործառույթների նկատմամբ, Փաշինյանն ասաց, որ սրանով տրվում է բոլոր զրպարտողների պատասխանը։
«Միջանցքի թեմա չկա, չի էլ եղել։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունն է, որ օտարերկյա գործակալական գործունեություն ծավալելով անընդհատ մեյդան էր բերում այդ թեման` փորձելով Հայաստանի ժողովրդին ահաբեկել և այդ տրամաբանության մեջ Հայաստանում իշխանափոխություն իրականացնել»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ նույն մարդիկ, այդ նույն տրամաբանությամբ փորձում են թելել 300 հազար ադրբեջանցու վերադարձի թելը։
«Սկզբից ես մտածում էի, թե այդ մարդիկ խելագար են Հայաստանում այդ խոսույթները զարգացնելով, բայց ամեն օրվա հետ համոզվում եմ, համադրելով նաև հրապարակված փաստեր, որ նրանք խելագար չեն, այլ սառնասիրտ գործակալ են և եռագլուխ պատերազմի կուսակցությունը, 2026 թվականի հունիսի 7-ին պետք է գլխատվի ՀՀ ժողովրդի ձեռամբ»,-ասաց ՔՊ վարչության նախագահը` հավելելով, որ որևէ ադրբեջանցու վերադարձի թեման դա լրտեսական հերթական օպերացիան է, որով պատերազմի լրտեսական, մաֆիոզ, եռագլուխ կուսակցությունը փորձում է խաթարել Հայաստանի անցումը կոնֆլիկտի փակուղուց դեպի խաղաղության խաչմերուկ։
«Մենք փակել ենք այդ թեման, փակելով նաև Ղարաբաղյան շարժման էջը և սա պատմական իրադարձություն է։ Քանի որ Աբովյանում նաև Ղարաբաղից եկած ժողովուրդ կա, ես ուզում եմ նրանց ասել, որ ի վերջո մենք պետք է առերեսվենք ճշմարտությանը։ Սիրելի՛ ղարաբաղցիներ, ձեզ 30 տարի պահել են պատանդ, որպեսզի մեզ և ձեզ օգտագործեն Հայաստանի պետականությունը վերացնելու, Հայաստանը բզկտելու և մասնատելու համար, Լաչինի միջանցքի տրամաբանության մեջ Մեղրիով միջանցք ստանալու համար, բայց մենք կասեցրել ենք այդ գործընթացը` սկզբունքորեն պաշտպանելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը, և այսօր Հայաստանն անկախ է ավելի քան երբևէ»,-ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ Ղարաբաղի ժողովրդին 2023 թվականից այս կողմ պետությունը հատկացրել է 200 միլիարդ դրամ, արդեն 6000 ընտանիք ստացել է բնակարանի ձեռքբերման վկայագիր։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։










