ՔԿՀ-ներում հոգևոր ծառայության համար ամբողջությամբ պարտական ենք Հայոց Հայրապետին, իսկ հիմա ինչ-որ քմահաճույքներով՝ կառույցը մնացել է առանց հոգևոր սպասարկման. Հայր Ռուբեն (Տեսանյութ)


ՔԿՀ-ներում հոգևոր ծառայության համար ամբողջությամբ պարտական ենք Հայոց Հայրապետին, իսկ հիմա ինչ-որ քմահաճույքներով՝ կառույցը մնացել է առանց հոգևոր սպասարկման. Հայր Ռուբեն (Տեսանյութ)
Մայիս 11 16:21 2026

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հոգևոր ծառայություն չի իրականացնում ՔԿՀ-ներում՝ հայտնի պատճառներով, սա թող իմանան ՔԿՀ-ների աշխատողները, ազատազրկվածները, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

«Որքան ինձ է հայտնի՝ այս պահին նույնիսկ այն հոգևորականները, որոնց հետ պայմանագրեր կնքվեցին, չեն այցելում քրեակատարողական հիմնարկներ, հետևապես, Հայաստանի տարածքում բանտային ոլորտը մնացել է առանց հոգևոր խնամքի»,- նշեց Հայր Սուրբը։

Հայր Ռուբենի խոսքով՝ սա նաև իշխանությունների ու այն պետական կառույցների բնութագիրն է, որոնք, շրջանցելով իրենց լիազորություններն ու պարտականությունները, կատարում են հրամաններ։

«Քրեակատարողական ծառայությունը պետական կառույց է, ինչ-որ կուսակցության կառույց չէ, որտեղ Հայ առաքելական սուրբ եկեղեցին վերջին 12 տարվա ընթացքում գործել է պայմանագրով, դրանից առաջ՝ բանավոր պայմանավորվածությամբ։ ՔԿՀ-ներում հոգևոր ծառայության համար մենք ամբողջությամբ պարտական ենք այսօրվա Ամենայն Հայոց Հարապետին»,- ասաց Հայր Ռուբենը։

Հայր Սուրբն ընդգծեց՝ հոգևոր ծառայությունը քրեակատարողական հիմնարկներում մեծագույն նպաստ է նաև պետությանը, հասարակությանը, մեր ժողովրդին։

«Հիմա ինչ-որ քմահաճույքներով՝ պետական այդ կառույցը մնացել է առանց հոգևոր սպասարկման, հոգևոր խնամքի»,- հավելեց Հայր Սուրբը։