«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Մինչ իշխանությունները քաղաքական գործերով անցնող անձանց նկատմամբ ցուցադրում են գրեթե շուրջօրյա վերահսկողություն, պարզվում է՝ ընդամենը մեկ տարվա ընթացքում տնային կալանքի տակ գտնվող անձանցից արձանագրվել է 23 փախուստի դեպք։ Ավելին՝ Պրոբացիայի ծառայությունն անգամ վիճակագրություն չունի՝ այդ անձինք հայտնաբերվե՞լ են, թե՞ ոչ։
«Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղրկել ՀՀ Արդարադատության նախարար Սբուհի Գալյանին և հարցմանն ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ 2025 թվականին Պրոբացիայի ծառայությունում տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցով հաշվառվել է 2053 անձ, իսկ ներկայում տնային կալանքի տակ է գտնվում 951 մարդ։
Սակայն առավել ուշագրավը փախուստների վերաբերյալ տվյալներն են։
Պաշտոնական պատասխանի համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է տնային կալանքի տակ գտնվող անձանց 23 փախուստի դեպք։ Այլ կերպ ասած՝ տնային կալանքի համակարգից մարդիկ պարզապես հեռացել են, որոշ դեպքերում կատարել կրկնակի հանցագործություններ։
Սակայն այստեղ սկսվում է ամենահետաքրքիր մասը։ Նախարարությունը փաստացի խոստովանում է, որ չի տիրապետում հետագա տվյալներին՝ քանի՞ փախուստի դեպք է բացահայտվել, քանի՞ անձ է հայտնաբերվել, քանի՞սն են մինչ օրս որոնվում կամ վերադարձվել վերահսկողության տակ։ Այս ամենի վերաբերյալ, ինչպես նշվում է պատասխանում, «վիճակագրություն հնարավոր չէ իրականացնել»։










