Նիկոլ Փաշինյանը վաղուց է թուրք–ադրբեջանական օրակարգով առաջնորդվում, ինքը դիտմամբ փախել է Երևանից, հայտնվել է Սյունիքում, որ հարգանքի տուրք չմատուցի։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին՝ Հաղթանակի օրը, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը, ով ընդգրկված է ԲՀԿ ցուցակում, 2–րդ հորիզոնականում է։
«Եթե հիշում եք, 2020–ի նոյեմբերի 9–ից հետո ինքը եկել էր կոխկրտելու մեր հերոսների հիշատակը «Եռաբլուր» այցի ժամանակ։ Այն ժամանակ դա իրեն պետք էր PR–ի համար, հանրային լարվածություն առաջացնելու համար, իսկ հիմա ուղղակի փախչում է Եռաբլուրից ու Հաղթանակի զբոսայգուց, որովհետեւ իր դրսի տերերը նույնիսկ դա են արգելում։ Ինչպես Արարատն են հանում մեր պատկերներից, այնպես էլ Եռաբլուր չայցելելը դրա հետ է կապված։
Հեռու չէ այն օրը, որ պատերազմ անցած մեր հերոսներին այս իշխանությունը քարոզարշավի ընթացքում, մեծ հավանականությամբ, կարող է հռչակել որպես ազգի թշնամիներ։ Այս մեկ ամսվա ընթացքում այս մղձավանջը պետք է վերջացնել, վերացնել, և թույլ չտալ, որ դա շարունակվի։ Հաջորդ քայլը արդեն մեր բոլոր հերոսներին, զինվորականներին կոչումազրկելն է, շնորհազրկելն է, նրանց վարկաբեկելն է։ Այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է, և չեմ զարմանում, որ ոչ մի անդրադարձ չեն արել»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր երեք ուժերի անվանում է պատերազմի եռագլուխ կուսակցություն և զգուշացնում, որ եթե ՔՊ–ն չընտրվի, սեպտեմբերին պատերազմ կսկսվի, Անդրանիկ Թևանյանն ասաց. «Դա հանցավոր հայտարարություն է։ Մենք գիտենք, որ այդ անձնավորությունը ինչի մասին խոսել է, ճիշտ հակառամն է արել, կամ ինչ խոստում տվել է՝ ճիշտ հակառակն է եղել։ Ինքը պատերազմներ, ավեր ու մահեր բերած գործիչ է։ Իր մնալու պարագայում ամենայն հավանականությամբ, մենք շատ ավելի կատաստրոֆիկ զարգացումներ կունենանք, քան ունեցանք Արցախի դեպքում։ Երկրորդ արցախյան ճակատագիր թույլ չտալու համար Նիկոլ Փաշինյանին պետք է վռնդել իշխանությունից և այդ հնարավորությունը հունիսի 7–ին կա։ Մեր ժողովուրդը հավաքական ընդդիմությանը ձայն տալով կարող է խուսափել պատերազմից, պարտություններից և պաշտպանել Հայաստանը։
Մենք առաջարկում ենք երաշխավորված խաղաղություն, և դրա պարագայում հնարավոր է խուսափել պատերազմից։ Իսկ սրանց պարագայում մենք գիտենք՝ ինչ է եղել, և արդեն պարզ է, թե ինչ է լինելու»։










