«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ՏԿԵ նախարարությունը փաստացի հաստատում է, որ այս տարվա հունվարին «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում իրավիճակն այնքան էր սրվել, որ իշխանությունները ստիպված են եղել ներգրավվել աշխատակիցների և ղեկավարության միջև բանակցություններին։ Թեև գերատեսչությունը խուսափում է անդրադառնալ «արհեստական գործադուլի» և հնարավոր սաբոտաժի մասին հարցադրումներին, պատասխանից ակնհայտ է դառնում՝ հանքում առկա դժգոհությունները ստիպել են ընկերությանը վերանայել աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները։
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանից փորձել էր պարզել, թե ինչ տեղեկություններ ունի գերատեսչությունը Ախթալայի հանքի շուրջ վերջին շրջանում շրջանառվող լուրերի վերաբերյալ, մասնավորապես՝ հնարավոր արհեստական գործադուլների և սաբոտաժի դրսևորումների մասին։
Ի պատասխան՝ նախարարությունը հայտնել է, որ այս տարվա հունվարին «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում տեղի ունեցած բողոքի ակցիայի շրջանակներում ՏԿԵ նախարարությունը և Լոռու մարզպետի աշխատակազմը հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել ընկերության աշխատակիցների և ղեկավար կազմի հետ։
Պաշտոնական պատասխանում նշվում է, որ քննարկումների արդյունքում ընկերությունը «բարելավել է աշխատակիցների աշխատանքային պայմանները, ինչպես նաև վերանայել է աշխատավարձերը», ինչից հետո ընկերությունը «վերադարձել է բնականոն գործունեությանը»։
Հիշեցնենք, որ 52 հանքափորները այս տարվա հունվարի 15-ից գործադուլ էին անում՝ աշխատավարձի բարձրացման պահանջով։ Հանքափորների աշխատավարձը գործարքային է, 150 հազարից 700-800 հազար դրամի կարող է հասնել։ Համեմատաբար բարձր վարձատրվող աշխատակիցները, սակայն, փաստում են՝ իրենց առողջության, մեկի փոխարեն երկու անգամ հանք մտնելու, ավելի երկար աշխատելու հաշվին է այդպես։










