«Մուրճն ու բահը»․ Ըստ Նարեկ Կարապետյանի՝ այսօրվա և վաղվա Հայաստանի խորհրդանիշը


«Մուրճն ու բահը»․ Ըստ Նարեկ Կարապետյանի՝ այսօրվա և վաղվա Հայաստանի խորհրդանիշը
Մայիս 8 20:52 2026

«Գրված է՝ փոփոխություն։ Սա այն հիմնական բառն է, որն ուզում ենք բոլոր հայերը իմանան, թե ինչի համար ենք մենք պայքարում»,- այս մասին Հաղթանակ զբոսայգում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

 

Նա մանրամասնեց, թե ինչ նկատի ունեն՝ փոփոխություն ասելով։

 

«Երբ այցելում ենք համայնքներ, մարդիկ ասում են՝ լավ, բոլոր քաղաքական գործիչները նույնն են։ Ասում են՝ Նարեկ ջան, լսել ենք, բայց մի տեսակ քաղաքական գործիչների հանդեպ համակրանք չունենք, միշտ խաբել են։ Այդ ժամանակ մենք մի բան ենք ասում՝ եկեք գործիչների անցյալը համեմատենք իրար հետ, ինչ ճանապարհ են անցել մարդիկ և ի՞նչ փոփոխություն են բերելու»,- իր ելույթում ասաց Կարապետյանը, ապա հանրությանը ցույց տվեց երկու խորհրդանիշ, որոնցից մեկն այսօրվա Հայաստանի, մյուսը՝ արդեն փոփոխություն եկած և ուժեղ Հայաստանի խորհրդանիշն է։

 

Նա ցույց տվեց մուրճը, ապա նշեց․ «Մարդ կա, որ էս մուրճը ժողովրդի վրա ճոճում ու սպառնում է։ Սա այսօրվա Հայաստանի խորհրդանիշն է՝ սեփական ժողովրդի վրա մուրճ ճոճելը, սեփական ժողովրդի նստեցնելը»։

 

Այնուհետև ցույց տվեց հաջորդ խորհրդանիշը՝ բահը և ասաց․ « Վաղվա Հայաստանի խորհրդանիշը բահն է։ Բահը շինարարության, կառուցելու մասին է։ Մեր երկրում հողատարածքների կեսը՝ 200 000 հա-ը, անտեր է։ Ութ տարում 40 000 հա-ն անտեր է մնացել։ Վաղվա Հայաստանը, ուժեղ Հայաստանը ծաղկացնելու է այդ հողերը, այդ գյուղերը կառուցելու է»։