Այսօր՝ մայիսի 6-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում՝ Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ, «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի արձագանքում դռան թակոցներին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները կոտրել են ավտոմեքենայի ապակին, ապա ավտոմեքենայում հայտնաբերել են վարորդի մարմինը։
Ահազանգով ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է մահը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացած վարորդի ինքնությունը։
Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. Երևան-Սևան ավտոճանապարհի Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին










