Այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցում էր Գյումրիում անցկացվող «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին։
Համերգի վերջում Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն հայտնեց՝ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում իրեն ջերմ ընդունելության արժանացնելու համար։
«Ոչ ոք չի մոռացել 1988 թվականի դեկտեմբեր ամիսը, երբ ամբողջ քաղաքը քարացավ։ Աշխարհը կանգնեց ոտքի, քեզ համար, Հայաստան։ Շառլ Ազնավուրը երգեց, Ֆրանսիան համախմբվեց, 500-ից ավելի հրշեջներ, զինվորականներ, սակրավորներ եկան ձեզ օգնության, և Գյումրին վերածնվեց դժոխքից և ձմեռվանից հետո, եկան նոր գարուններ։
Մենք գիտենք բոլոր այն դժվարությունները, որի միջով դուք անցել եք վերջին տարիներին։ Եվ ինչպես ձեր կողքին էինք 1988-ի դեկտեմբերին, այնպես էլ հիմա կլինենք ձեր կողքին։
Շնորհակալություն Գյումրի, շնորհակալություն Հայաստան, երբեք չմոռանաք, Ֆրանսիան սիրում է ձեզ։ Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին»,-իր ելույթում ասաց Էմանուել Մակրոնը։










