Կայացել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հանդիպումը Շիրակի մարզի համակիրների հետ (Տեսանյութ)


Կայացել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հանդիպումը Շիրակի մարզի համակիրների հետ (Տեսանյութ)
Մայիս 4 22:30 2026

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում  կայացել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հանդիպումը Շիրակի մարզի համակիրների հետ։ 

Իր խոսքում կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում առկա խնդիրներին՝ շեշտելով, որ Շիրակը ոչ միայն հանդիսանում է Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկը, այլև 2018 թվականի իշխանափոխությունից հետո մարզում աղքատության ցուցանիշը աճել է, իսկ մարզում բնակվող ամեն երկրորդ երեխան ապրում է աղքատության մեջ։

«Վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը վերցրել է 8 միլիարդ դոլարի վարկ։ Ամեն ընտանիքի վրա այս իշխանությունը 10 հազար դոլարի վարկային բեռ է դրել։ Եթե դրա մի տոկոսը ծախսվեր Գյումրիի համար, այսօր անտուն մարդ Գյումրիում չէր լինի», - նշել է Նարեկ Կարապետյանը։

Այնուհետև Նարեկ Կարապետյանը ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի կողմից առաջարկվող ծրագրերը։

Մասնավորապես, խոսելով ծայրահեղ աղքատության հաղթահարման ծրագրի մասին՝ Նարեկ Կարապետյանը նշել է.

«Ստեղծվում է ծայրահեղ աղքատության հաղթահարման պետական հիմնադրամ, որի մասին երեք օր առաջ Սամվել Կարապետյանի ներկայությամբ մենք հայտարարել ենք։ Այդ հիմնադրամում գումար է դնում մի քիչ պետությունը, մնացած մասն էլ՝ աշխարհի ուժեղ հայերը։ Ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքները, որոնց նշանակալի մասը Գյումրիում է, 5 hոգանոց ընտանիքը սկսելու է ստանալ ամսական 150 հազար դրամ, որպեսզի աշխատանքին զուգահեռ՝ կարողանա ինչ-որ կերպ երեխաներին կրթության տալ, առողջապահական հարցերը լուծել։ Սա առաջին մեծ փոփոխությունն է, որն ուզում ենք անել։ 6 ամսվա ընթացքում Հայաստանում ծայրահեղ աղքատ մարդ չպետք է լինի»։ 

Անդրադառնալով Գյումրի քաղաքի զարգացման տեսլականին և ուղղություններին՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ հաշվի առնելով քաղաքի պատմամշակութային ժառանգությունը՝ Գյումրին կարող է դառնալ տուրիզմի ամենապահանջված ուղղություններից մեկը, ինչպես նաև խոսել է գյումրեցիների՝ սպորտում ունեցած հաջողությունների մասին։

Հանդիպումից հետո կուսակցության անդամները քայլերթ են կատարել հայրաքաղաքի կենտրոնական փողոցներով և շփվել գյումրեցիների հետ։ Քայլերթի ընթացքում նրանք անցել են տնային կալանքում գտնվող Միքայել Սրբազանի կեցավայրի մոտով և «Ազատություն, ազատություն» վանկարկումներով ողջունել Սրբազանին։