Արցախի հաղթանակով բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը, գիտեին նաև, որ նախկին Հայաստանը չէր համաձայնվում զոհի կերպարում լինել. Արտակ Զաքարյան


Արցախի հաղթանակով բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը, գիտեին նաև, որ նախկին Հայաստանը չէր համաձայնվում զոհի կերպարում լինել. Արտակ Զաքարյան
Մայիս 4 14:17 2026

Երեկ և այսօր Հայաստանի ներսում տիրող տրամադրությունները նմանվել են հեռավոր մի գյուղի, որի որոշ բնակիչներ ուրախացել են, որ «քաղաքից լիքը մարդ» է եկել իրենց գյուղի հետ կապ չունեցող ինչ-որ մի «հարսանիքի» մասնակցելու, գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

 

«Ընդ որում՝ այդ «հարսանիքը» հյուրերին է պետք, ոչ թե «այդ գյուղի բնակիչներին»: Նրանք իրենց հեռահար ու կոնֆլիկտածին ծրագրերի համար են անցկացնում այդ միջոցառումը, որի հետևանքներից, մեծ հավանականությամբ, տուժելու են նաև «գյուղի բնակիչները»:

 

Այս ամենն այսքան զավեշտալի չէր լինի, եթե այդ պայմանական «գյուղի և գյուղացիների» կորուստների ու դժբախտությունների մի զգալի մասի համար իրենց լուման չունենային նաև այդ «հարսանքավորները»:

 

Հայ ժողովրդի պատմությունը տարբեր բարդություններ է ունեցել, ճակատագրի տարբեր հեգնանքներ են եղել, բայց որ պետք է ժամանակ առ ժամանակ ոգևորվենք մեր դժբախտությունների կուլիսային հեղինակներից, կամ դրանց վրա աչք փակողներից (հանուն նավթի ու գազի)՝ դա 21-րդ դարում մեզ չի սազում:

 

Հ.Գ.

Առաջին անգամ Հայաստանում անկացվում է միջոցառում, որի տուժողներից մեկը կարող է լինել նաև Հայաստանը: Ոմանք միամտաբար ասում են «իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»: Նրանց պետք է ասել՝ Արցախի հաղթանակով բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը: Ու գիտեին նաև, որ նախկին Հայաստանը չէր համաձայնվում զոհի կերպարում լինել: Այսօրվա աշխարհի շատ երկրների ղեկավարներին զոհի կերպարներ են պետք, այնպիսին, ինչպիսին Ուկրաինան է, ինչպիսին Արցախն էր (Վրաստանը չհամաձայնվեց զոհի կերպարին, կեցցե՛ն): Հիմա այդ կերպարում Եվրոպան շարունակում է տեսնել Հայաստանին, որովհետև այսօրվա Հայաստանի ղեկավարները վերջին 7 տարիներին մեր երկրի շահերը զոհաբերողի դերում են իրենց դրսևորել»,-նշել է նա։