Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղում «Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Անանյանը խոսել է փոքր հողակտորների արդյունավետ օգտագործման մասին՝ ընդգծելով, որ առանձին-առանձին դրանք շահագործելը դժվար է դարձնում կայուն եկամուտ ստանալը։
Նրա խոսքով՝ գյուղատնտեսության զարգացման կարևոր ուղղություններից մեկը հողերի կոնսոլիդացիան է, որն իրականացնելու է «Միասնության թևերը»։ Առաջարկի էությունը հետևյալն է․ գյուղացիները միավորվում են և իրենց հողերը ներդնում մեկ ընդհանուր տնտեսական միավորի մեջ՝ դառնալով այդ կառույցի բաժնետերեր։ Եթե մեկը ունի մեկ հեկտար, մյուսը՝ կես, երրորդը՝ մեկուկես, ապա միավորվելով կարելի է ստանալ արդեն զգալի՝ օրինակ 50–60 հեկտար միասնական հողատարածք։
Այս մոդելով հողը մնում է յուրաքանչյուրի սեփականությունը, պարզապես այն տրվում է ընդհանուր կառավարման, և սեփականատերը դառնում է բաժնետեր։ Արդյունքում մարդիկ ոչ միայն աշխատում են այդ տնտեսությունում և ստանում աշխատավարձ, այլ նաև տարվա վերջում ունենում են շահաբաժին՝ ընդհանուր արտադրությունից ստացված եկամուտից։










