Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է, ուժեղ Հայաստանում այդ ճգնաժամը հաղթահարվելու է. Արամ Վարդևանյան (Տեսանյութ)


Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է, ուժեղ Հայաստանում այդ ճգնաժամը հաղթահարվելու է. Արամ Վարդևանյան (Տեսանյութ)
Մայիս 2 19:19 2026

Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է, հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը՝ որպես վառ օրինակ մատնացույց անելով Սամվել Կարապետյանի ապօրինի քաղաքական հետապնդման շրջանակում անցկացված դատական վերջին նիստի ժամանակ ներկայացված դիմումը դատարանի կողմից մերժելու փաստը։ Իսկ դիմումն այն մասին էր, որ Սամվել Կարապետյանը տնային կալանքի պայմաններում հնարավորություն ունենա այցելել իր հոր շիրիմին՝ նրա մահվան տարելիցի կապակցությամբ։

«Դատարանը մերժեց այդ դիմումը։ Դատախազն իր հերթին առարկեց։ Այսինքն՝ Հայաստանում արդեն նման երևույթ կարող է տեղի ունենալ։ Սա վկայում է, որ օրվա իշխանությունը մարդասիրությունը՝ որպես արժեք, չի ցանկանում գերակայող դիտարկել»,- նշել է Վարդևանյանը։

Արամ Վարդևանյանը հիշեցրել է նաև՝ հայ ազգը ամենադժվարին ժամանակներում անգամ մարդասիրությունը պահպանել է՝ որպես գերակայող արժեք, սակայն այժմ այս նկարագիրը փորձ է արվում փոխել։

«Չի կարող իրավապահ համակարգը կտրվել մարդասիրությունից, չկա նման արդարացում, որը թույլատրի նման շեղումը։ Չի կարող իրավունքը չլինել գերակայող արժեք»,- նշել է նա։

 

Վարդևանյանը հայտարարել է՝ շուտով իրավիճակը կփոխվի.

«Ուժեղ Հայաստանում համաներում լինելու է, մարդասիրության ճգնաժամը հաղթահարվելու է։

Կալանքի գերակայությունը վերացվելու է, իրավունքի գերակայությունն անսակարկելի արժեք է լինելու;

Ուժեղ Հայաստանում ծայրահեղ աղքատ ընտանիքներին ամսական 150,000 դրամ աջակցություն պետք է ապահովվի Աղքատության հաղթահարման պետական հիմնադրամից:

Ժամանակն է իշխանություն ընկալումից անցում կատարել ուժեղ առաջնորդության։

Իրավունքը պետք է գերակայի:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…

Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին»