Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին


Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Մայիս 1 09:44 2026

Այսօր՝ մայիսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Միսակ Մեծարենց փողոցով անցնող ջրատարում տղամարդու դի կա։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Բաշո Խուդոյանն ու Գոռ Ղազարյանը։Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, ովքեր տղամարդու մարմինը դուրս են բերել ջրատարից և պատգարակով մոտեցրել դիատարին։Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Սարգսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, սպանություն, թե ինքնասպանություն՝ պարզվում է։