2850 զինծառայողներ կօգտվեն հիփոթեքային վարկավորմամբ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից


2850 զինծառայողներ կօգտվեն հիփոթեքային վարկավորմամբ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից
Ապրիլ 30 22:07 2026

Կառավարությունն որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ընդգրկված պայմանագրային զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների և զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների՝ հիփոթեքային վարկավորմամբ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին:

Որոշման ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ընդգրկված պայմանագրային զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամների և զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների բնակարանային խնդիրները կարճաժամկետ ժամանակահատվածում հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագրով փուլային տարբերակով լուծելու համար համապատասխան իրավական հիմքերի սահմանման ապահովումն է:

Նախատեսվում է նաև շահառուների բնակարանային ապահովումն իրականացնել հիփոթեքային վարկավորման միջոցով` ապահովելով բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման արդյունավետությունը:

Ծրագրի շահառու են համարվում 2850 զինծառայողներ: Ձեռք բերված բնակարաններն առաջիկա 10 տարում վաճառքի ենթակա չեն լինի:

 «Սա շատ կարևոր նրբություն է, նաև սոցիալական որոշակի կայունություն պետք է բերի ընտանիքներին, որ, այո, իրենք բնակարան ունեն, ապրում են, բայց չեն կարող այդ բնակարանն առաջիկա 10 տարում օտարել, ընդ որում՝ բնակարանն իրենք են ընտրելու», - նշել է վարչապետը:

«Պարոն Պապիկյան, կարևոր է, որ մենք թեման ճիշտ կոմունիկացնենք, որպեսզի մարդիկ նախ պատկերացնեն և շոշափելի պատկերացում ունենան` ինչպես է լուծվելու հարցը, նաև շատ հստակ լուսաբանենք, որպեսզի տարընթերցում չլինի շահառուների խմբի հետ կապված: Սա շատ կարևոր նրբություն է», - եզրափակել է վարչապետը: