ՀՀ 2025 թվականին հանցագործության դեպքերը նվազել են 3.2 տոկոսով. Գլխավոր դատախազ


ՀՀ 2025 թվականին հանցագործության դեպքերը նվազել են 3.2 տոկոսով. Գլխավոր դատախազ
Ապրիլ 29 13:27 2026

Ներքին գործերի նախարարության հանցավորության վիճակագրության և հանցավորության կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն, Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականին հանցագործության դեպքերը նվազել են: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և տեղեկացրել, որ 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կատարվել է 40.722 հանցագործություն (2024 թվականին՝ 42.057), որոնցից 18.857-ը՝ Երևան քաղաքում (2024 թվականին՝ 19.877): 2024 թվականի համեմատությամբ, 2025 թվականին հանցագործության դեպքերը նվազել են 1335-ով կամ 3,2%-ով:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, այսօր ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2026 թվականի մարտի 31-ին ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով և հրապարակվել Դատախազության պաշտոնական կայքէջում:

Գլխավոր դատախազի խոսքով՝ 2025 թվականին արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ: 2025 թվականին բացահայտման ցուցանիշը կազմել է 29,7%՝ 2024 թվականի 22,8%-ի դիմաց։ Այսպիսով, 2024 թվականի համեմատ, 2025 թվականին բացահայտման ցուցանիշն աճել է 6,9%-ով:

«Հանցագործության 40.722 դեպքի բացարձակ մեծամասնությունը՝ 82,6%-ը, ոչ մեծ (20.041 դեպք կամ դեպքերի 49,2%) և միջին ծանրության (13.585 դեպք կամ դեպքերի 33,4%-ը) հանցագործություններն են, այսինքն՝ նվազ հանրային վտանգավորություն ներկայացնող հանցագործությունները: 2024 թվականի համեմատությամբ, հանցավորության ընդհանուր ծավալի մեջ արձանագրվել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշռի նվազում 0,9%-ով (2024 թվականին նշված ցուցանիշը կազմել է 18,3%, իսկ 2025 թվականին՝ 17,4%)»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը: