Այսօր՝ ապրիլի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան կամրջի տակ դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև 103 շտապօգնության բժիշկների թիվ 03 խումբը, և բժիշկներն ու պարեկները դժվարանցանելի ճանապարհով իջել են հայտնաբերված մարմնի մոտ, որտեղ բժիշկները արձանագրել են քաղաքացու մահը։
Ահազանգով ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանի և ջոկատի հրամանատար Աշոտ Գուլինյանի գլխավորությամբ։
Փրկարարները արդեն հատուկ ճոպաններ են անցկացրել և սպասում են, մինչև դեպքի վայր կժամանի ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի հերթապահ խումբը, որից հետո դին պետք է դուրս բերվի և մոտեցվի դիատարին։
Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 20-22 տարեկան տղա է։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։
Ողբերգական դեպք՝ Երևանում․ Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին










