Արդյո՞ք Ցեղասպանությունը մեզ համար միայն ատելության ու չարության մասին է՝ իհարկե, ո՛չ։ Շատ կարևոր է, որ մենք այդ ամենն օգտագործենք հանուն մեր երկրի ապագայի, որովհետև չենք կարող մոռանալ ու հրաժարվել, այլապես մեր պատմությունը մեր փոխարեն կգրեն ուրիշները, լրագրողների հետ զրույցում ասաց «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը։
«Այդ ժամանակ մենք կկորցնենք մեր ինքնությունը, իսկ երբ ուրիշները վերաշարադրեն մեր պատմությունը, մենք կվերանանք աշխարհի երեսից։ Մենք չպետք է մոռանանք, որովհետև սա մեր ազգային ինքնության մասին է, և պետք է հիշենք հանուն մեր ապագայի։ Դրա համար հարցը կարևոր ենք համարում ցեղասպանության միջազգային հանցագործության կանխարգելման տեսանկյունից, պետությունը պետք է հետամուտ լինի»,-ասաց Արման Թաթոյանը։
Դիտարկմանը, թե Փաշինյանն էլ է ասում՝ պետք չէ մոռանալ, բայց առաջարկում է հաջորդ օրն էլ «խորոված փարթի» անել, քանի որ Քաղաքացու օրն է, Թաթոյանն արձագանքեց.
«Ակնհայտ է, որ նա այդ ամենն անում է ոչ ի նպաստ մեր երկրի շահերի, նա դա անում է, որպեսզի արժանանա ադրբեջանական ու թուրքական իշխանության բարեհաճությանը, որպեսզի հանդիպումների ժամանակ ուսին տմբտմբացնեն ու գովեն, ասեն՝ լավ ես այդ ամենն անում»։










