Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում ապրիլի 10-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծանր վիճակում գտնվող 28-ամյա կինը գիտակցության է եկել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է նրա բարեկամը։
«Գիտակցության է եկել, հարցեր է տվել։ Ասել են, որ նորմալ է, ընտանիքի մյուս անդամներն էլ իր նման պառկած են։ Նրա 8-ամյա դստեր ոտքերի վիրահատությունն իրականացվել է, և ըստ նախնական գնահատականների՝ հնարավոր է, որ նա մոտ երկու շաբաթից դուրս գրվի հիվանդանոցից։ Նրա 2-ամյա տղան շարունակում է մնալ կոմայի մեջ, իսկ 4-ամյա երեխան նույնպես գիտակցության է եկել»,– նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում ապրիլի 10-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, բախվել են «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաներ։ Փրկարար ծառայության տվյալներով՝ վթարի հետևանքով մահացել է վեց մարդ։ Եւս 5 մարդ, որոնցից 3-ը՝ երեխա, մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են։
28-ամյա կինը, որը տուժած երեխաների մայրն է, սանավիացիայով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Նշենք, որ վթարի ժամանակ մահացել են 28-ամյա կնոջ ամուսինը, սկեսուրը և երկու երեխները։










