Գանձասարը, Ամարասը, Դադիվանքը, մեր գերեզմանները, սրբավայրերը թշնամուն հանձնած իշխանությունը, որն Ադրբեջանի հետ «խաղաղություն» է քարոզում, չի պատրաստվո՞ւմ արձագանքել նույն այդ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր եկեղեցին քանդելու փաստին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հարց է բարձրացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը։
«Դա մեծ ցավ է մեզ համար։ Իսկ ինչո՞վ է զբաղված Նիկոլ Փաշինյանն այդ ընթացքում. եկեղեցու մոմն է ուզում հարկել, նվիրատվությունն է ուզում հարկել։ 380 եկեղեցի, 60 վանական համալիր, 2385 խաչքար, 400 միջնադարյան գերեզմանոց, 181 գյուղ ու 12 քաղաք հանձնած Նիկոլ Փաշինյանը կոպեկ հարկող վարչապետ է»,- ասել է Ալեքսանյանը։
«Երեկ, երբ այս գույժը լսեցինք, գիտե՞ք ՀՀ արտգործնախարարը ինչով էր զբաղված. սուրճ էր խմում, լրահոսին էր հետևում։ Համոզված եմ՝ այս տեսանյութն էլ է դիտելու, բայց համոզված չեմ, որ դիտելուց հետո մոտն ամոթ կառաջանա ու որևէ արձագանք կանի այս հարցին»,- հավելել է նա։










