Ապրիլի 21-ին տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որի օրակարգում ընդգրկված էր 2026թ. Ազգային ժողովի ընտրություններին կուսակցության նախաձեռնությամբ կազմավորված «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուների ցանկը հաստատելու մասին հարցը։
Կուսակցության համագումարը միաձայն հաստատեց դաշինքի ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուների ցանկը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարից հետո տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող՝ «Ուժեղ Հայաստան», «Միավորված հայեր» և «Նոր Դարաշրջան» կուսակցությունների անդամների հանդիպումը։
Հանդիպմանը ներկա էին նաև «Ապրելու երկիր» կուսակցության անդամները։
«Ապրելու երկիր» կուսակցության Մեսրոպ Առաքելյանը հանդիպմանը կարևորեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Ապրելու երկիր» կուսակցության միջև համագործակցության հուշագիր ստորագրելու փաստը, որի համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ձևավորելով միասնական քաղաքական օրակարգ։
Վերը նշված միջոցառումներից հետո, լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն անդրադարձավ քաղաքական ուժերի հետ համագործակցության հարցին։
«Մենք ուզում ենք համագործակցել այնպիսի ուժերի հետ, որոնք պատասխանատվություն չեն կրում Հայաստանում տարիներ շարունակ տեղի ունեցած գործընթացների համար։ Կարծում ենք՝ նոր ուժերի հետ համագործակցելով՝ ավելի ազատ կլինենք։
Միևնույն ժամանակ, մենք չենք ուզում պիտակավորել մեր ընդդիմադիր գործընկերներին։ Հասկանում ենք, թե որքան բարդ է ընդդիմադիր լինել Հայաստանում։ Պարզապես մեր տեսլականը տարբեր է»,- ասաց Նարեկ Կարապետյանը։










