Ազգերը չեն անհետանում միայն պարտությամբ, նրանք անհետանում են այն պահին, երբ համաձայնվում են մոռանալ։ Այս մասին Հայոց Ցեղասպանության վերաբերյալ խորհրդաժողովի ժամանակ ասել է ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։
«Պատմությունը այս պահին չի ավարտվում, այն շարունակում է, բայց արդեն առանց մեզ՝ որպես այդ պատմության սուբյեկտ: Եթե մենք այսօր չենք խոսում, չենք կոչում իրերը իրենց անուններով, եթե հրաժարվում ենք մեր իսկ լեզվից և հիշողությունից՝ պետք է հստակ գիտակցենք, սա պարզապես քաղաքական ընտրություն չէ, սա հրաժարում է մեր պատմությունից, մեր ներկայությունից և մեր ապագայից։
Ազգերը չեն անհետանում միայն պարտությամբ, նրանք անհետանում են այն պահին, երբ համաձայնվում են մոռանալ, թե ինչու են գոյություն ունենում։ Եթե մենք թույլ ենք տալիս, որ հիշողությունը դատարկվի, վաղը մենք պարզապես կհասկանանք, որ այն արդեն չկա: Եվ այդ պահին այլևս չի լինելու ոչինչ պաշտպանելու՝ ո՛չ անուն, ո՛չ պատմություն, ո՛չ ներկայություն, կմնա միայն լռություն: Լռություն որպես վերջնական հաստատում, որ մենք ինքներս հրաժարվեցինք լինել պատմության սուբյեկտ: Ես համոզված եմ, որ մենք լռության ժողովուրդ չենք»,- նշել է նա։










