«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը առաջիկա ընտրություններին կմասնակցեն միասին


«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը առաջիկա ընտրություններին կմասնակցեն միասին
Ապրիլ 21 16:49 2026

Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն անվտանգային, քաղաքական և արժեհամակարգային մարտահրավերների առաջ, որոնք պահանջում են համազգային համախմբում, պատասխանատվություն և հստակ քաղաքական կամք։ Այս մասին հայտնում են «Ապրելու երկիր» կուսակցությունից:

«Կարևորելով վերոնշյալը՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր՝ համաձայն որի միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ձևավորելով միասնական քաղաքական օրակարգ և ապահովելով «Ապրելու երկիր» կուսակցության մարզային թիմերի ակտիվ ներգրավումը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի շրջանակներում՝ վերջինիս ընտրական ցուցակում ընդգրկվելու միջոցով։

Համագործակցության հիմքում ընկած է՝

• Հայաստանի Հանրապետության՝ որպես ազատ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական պետության հիմնարար նշանակությունը,

• Հայ գերիների վերադարձի անվիճելի առաջնահերթությունը՝ ազգային արժանապատվության վերականգնման և արդար ու կայուն խաղաղության հաստատման կարևորագույն նախապայման,

• Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի պատմության ընթացքում՝ որպես ազգային ինքնության, հավատքի, միասնության և պետականության պահպանման հենասյուն,

• Պետության և ժողովրդի միջև վստահության վերականգնման, ազգային համերաշխության ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի միջև համահայկական ներուժի արդյունավետ համախմբման հրամայականը։

«Ապրելու երկիր» կուսակցությունը ստանձնում է իր բաժին պատասխանատվությունը երկրում կատարվող փոփոխությունների ճանապարհին»: