«Երբեք ու երբեք չենք մտածել, որ կգա մի ժամանակ, երբ իշխանությունը կվախենա նայել Արարատին, կամ կվախենա խոսել Ցեղասպանությունից, Արցախից։ Դա մեզ պատիվ չի բերում»,-«111-ամյա արդիականություն. Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը» թեմայով մասնագիտական խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նա ընդգծել է, ամեն երկիր, պետություն իր պատմությունն ու կենսագրությունն ունի, ինչքան հարուստ է պատմությունը, այնքան հզոր է պետությունը։
Ծառուկյանը ներկաներին հիշեցրել է, իր մորական տատն ու պապն էլ եկել են Արևմտյան Հայաստանից՝ Ալաշկերտից, հաստատվել են Հայաստանում, ընտանիք կազմել։
«Մենք չենք կարող մեր պատմությունը մոռանալ, դա մեզ պատիվ չի բերում։ Ցանկացած բարդ խնդիր պահանջում է նման հանդիպումներ, քննարկումներ»,-նշել է քաղաքական գործիչը։
Ծառուկյանն անընդունելի է համարում նաև Արցախը մոռացության մատնելուն ուղղված քաղաքականությունը։
«Ո՞նց կարող ենք մոռանալ։ Հիմա ոչնչացնում են այնտեղ հայկական մշակույթը, դա չարիք է»,-ասել է նա։










