Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության, թե շարունակական զիջումների մեջ. ԲՀԿ խոսնակ


Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության, թե շարունակական զիջումների մեջ. ԲՀԿ խոսնակ
Ապրիլ 20 22:38 2026



 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներն այսօր ԿԸՀ են ներկայացրել առաջիկա ընտրությունների առաջադրման հայտը։

 

ԲՀԿ–ի նախընտրական ցուցակում 107 թեկնածու կա, առաջին համարը կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն է։

 
 

«Մեր փաթեթում ներգրավված են 107 թեկնածուներ, որոնցից երեքը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են՝ եզդի, ռուս և ասորի համայնքի ներկայացուցիչներ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այս ընտրություններին, ինչպես ավելի վաղ հայտարարել էինք, որ մասնակցում ենք «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ Սա մի ծրագիր է, որտեղ ամիսների ընթացքում ամենատարբեր ոլորտների հեղինակավոր ներկայացուցիչներ, մասնագետներ, ինչպես նաև մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ հանդես են եկել տարբեր ոլորտների հետ կապված իրենց առաջարկներով։ Ամիսների ընթացքում մասնագետների խումբը հավաքագրել, գույքագրել է այս բոլոր առաջարկները և մեր նախընտրական ծրագրում զետեղված են հենց հիմնական այդ խնդիրների լուծման ուղիներն ու ճանապարհները։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այս ընտրություններին մասնակցում է «Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան» կարգախոսով և մեր նախընտրական ծրագիրը հիմնականում 10 կետերից է բաղկացած, որոնք ամենասկզբունքային և առանցքային խնդիրների լուծմանն են ուղղված լինելու»,– ասել է ԲՀԿ խոսնակ, նախընտրական ցուցակում ընդգրկված Իվետա Տոնոյանը։

 

Յուրաքանչյուր քվե կարող է որոշիչ լինել, երկրի ապագան քաղաքացու ձեռքում է, Տոնոյանը կոչ է անում հունիսի 7–ին գնալ տեղամաս. «Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս ընտրությունները իրականում կարևորագույն նշանակություն ունեն, և հունիսի 7–ին հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի երաշխավորված խաղաղության, թե շարունակական զիջումների մեջ, համերաշխության, թե պառակտման մեջ։ Մենք գնում ենք այս հարցերի պատասխանները գտնելու և այս հարցերի լուծման ուղիների նախանշման ճանապարհով։ Ես ուզում եմ ընձեռված հնարավորությունից օգտվելով մեր բոլոր հայրենակիցներին կոչ անել լինել շատ ակտիվ, ունենալ շատ ակտիվ մասնակցություն խորհրդարանական ընտրություններին, որովհետև նրանցից յուրաքանչյուրի քվեն և նրանցից յուրաքանչյուրի ձայնը իրապես կարող է ճակատագրական լինել մեր երկրի, մեր ապագայի կերտման գործընթացում»։